Քննարկվել են Հայաստանի և Մաքսային միության անդամ-երկրների միջև տեխնիկական կանոնակարգմանն առնչվող հարցեր
Մայիսի 24-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կանոնակարգման հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Վալերի Կորեշկովի գլխավորած պատվիրակությանը: Այցի նպատակը Մաքսային Միության և Հայաստանի Հանրապետության միջև առևտրային հարաբերություններում տեխնիկական խոչընդոտների վերացման հնարավորությունների քննարկումն էր:
Մեծապես կարևորելով Մաքսային Միության անդամ երկրների հետ առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնումն ու խորացումը, ՀՀ Էկոնոմիկայի նախարարը ողջունել է հյուրերին և ընդգծել, որ իր գործունեությամբ օժանդակելու է ոլորտում առավել բարենպաստ միջավայրի ապահովման և համապատասխան ենթակառուցվածքների ստեղծման ուղղությամբ տարվող աշխատանքներին:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կանոնակարգման հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Վալերի Կորեշկովը շնորհակալություն է հայտնել հայկական կողմին ջերմ ընդունելության համար և իր աջակցությունը հայտնել համատեղ աշխատանքների իրականացման գործում: Նա տեղեկացրել է, որ Հայաստանում առկա ներուժին ծանոթանալու նպատակով եղել է փորձարկման լաբորատորիաներում և որակի ենթակառուցվածքների այլ հաստատություններում:
Հանդիպմանը զրուցակիցները վստահություն են հայտնել, որ այցի շրջանակներում կայացած քննարկումների արդյունքում կհստակեցվեն համագործակցության հետագա ուղղությունները: