Հայտնաբերել են ժամկետային զինծառայողներ երկվորյակ եղբայրների նկատմամբ սպանության փորձ կատարած «Տուլոյին» ու «Չխկոյին» (լուսանկարներ)
Ոստիկանության Ավանի բաժանմունքի աշխատակիցները Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Քրեական հետախուզության բաժնի աշխատակիցների հետ, օպերատիվ տվյալներն իրացնելով, Ավանի ոստիկանություն են բերման ենթարկել Աճառյան փողոցի բնակիչներ 18-ամյա Արթուր Նաղդալյանին՝ մականունը՝ Տուլո և դարձյալ 18-ամյա Երջանիկ Մանուկյանին՝ մականունը՝ Չխկո: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված անձինք կասկածվում են ժամկետային զինծառայողներ՝ երկվորյակ եղբայրներ 21-ամյա Հովհաննես և Հակոբ Մանուկյանների նկատմամբ սպանության փորձ կատարելու մեջ:
Հիշեցնենք, որ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Նոր Նորքի քննչական բաժնի ավագ քննիչ Գագիկ Ավագյանի կողմից հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ Քր. Օր-ի 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (Հանցափորձը, սպանությունը, որը կատարվել է երկու կամ ավելի անձանց) հատկանիշներով:
Գ. Շամշյանը հայտնել էր, որ մայիսի 2-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ էր ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել երկու երիտասարդ: Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ հիվանդանոց մեկնած ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ նշված երիտասարդներն էին 21-ամյա Հովհաննես և Հակոբ Մանուկյանները, ովքեր երկվորյակ եղբայրներ են և հիվանդանոց էին տեղափոխվել Աճառյան փողոցի 15 շենքի իրենց բնակարանից:
Հակոբը հիվանդանոց էր տեղափոխվել բազմակի դանակահարված վերքեր ախտորոշմամբ, իսկ Հովհաննեսը՝ գոտկային շրջանի կտրած թափանցող վերք ախտորոշմամբ:
Եղբայրները որպես ժամկետային զինծառայողներ ծառայելիս են եղել Իջևանի X զորամասում և կարճատև արձակուրդի են եղել՝ օրինական հիմունքներով:
Կատարված հանցագործությունը բացահայտելու համար ոստիկանության Նոր Նորքի բաժնի աշխատակիցների կողմից ձեռնարկվել են օպերատիվ-հետախուզական-քննչական համատեղ միջոցառումներ:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ քիչ առաջ Չխկո մականվամբ Ե. Մանուկյանը տեղափոխվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր, իսկ Տուլո մականվամբ Ա. Նաղդալյանը Ավան-Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ՝ վերցվել է 2-ամսյա կալանքի: