ԿԲ նախագահը՝ արմավիրցիների պահանջի մասին. Ի՞նչ են հասկանում սառեցման տակ՝ ես չգիտեմ

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ԱԺ-ում ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանին, ով ներկայացնում էր Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության ծրագիրը, մի քանի հարց ուղղեց: Նախ՝ ՀԱԿ պատգամավորը նշեց, որ իր համար անհասկանալի մնաց, թե ինչպե՞ս է լուծվելու Արմավիրի մարզի կարկուտից տուժած գյուղերի հարցը, ապա հետաքրքրվեց, թե կարկուտի գոտում գտնվող համայնքների քանի՞ տոկոսը տնտեսական վարկ ունեն առևտրային բանկերից վերացրած:

Ի պատասխան Ա. Ջավադյանն ասաց, թե կառավարությունն այս հարցին անդրադառնալ չէր կարող, որովհետև խոսքը մասնավոր կառույցների մասին է, ապա տեղեկացրեց, որ իրենք պայմանավորվածություն ունեն առևտրային, մասնավոր բանկերի հետ՝ վերանայելու վարկավորման պայմանները:

ԿԲ նախագահի խոսքով՝ կարկուտից տուժած գոտու բնակիչների նկատմամբ լինելու են տարբեր՝ անհատական մոտեցումներ: Օրինակ՝ խաղողագործությանը՝ այլ,  անասնապահությանը՝ այլ: Նրա հավաստմամբ, կան մի շարք վարկեր, որոնք կարկտահարության հետ կապ չունեն և հենց դրանք տարանջատելու համար պետք է աշխատանք կատարվի:

Ջավադյանը նշեց նաև, որ այդ գյուղերում բնակիչների միջին վարկը չի գերազանցում 7 հարյուր հազարը, իսկ 43 համայնքներում ընդհանուր վարկի չափը կազմում է ավելի քան 8 մլդ:

Կարդացեք նաև

Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց նաև, թե արդյոք բավարարվելո՞ւ է գյուղացիների՝ վարկերը սառեցնելու մասին պահանջը, թե լինելու է պայմանների մեղմացո՞ւմ:

«Ի՞նչ են հասկանում սառեցման տակ՝ ես չգիտեմ: Բայց սառեցման արդյունքում այդ վարկերը չեն աշխատելու: Գուցե վարկային կազմակերպությունների մասով այլ մոտեցում լինի, բայց բանկերի հաշվով թույլ տալ չենք կարող»,- պատասխանեց ԿԲ նախագահը՝ ավելացնելով, որ վերանայվելու են վարկերի պայմանները:

Նա շեշտեց նաև, որ միատեսակ որոշում ընդունելը վտանգավոր է, դրա համար պետք է անհատական մոտեցում լինի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս