
Ադրբեջանի ԿԸՀ-ն Գրիգորի Այվազյանին թույլատրել է սեփական թեկնածությունն առաջադրել նախագահական ընտրություններում

Ադրբեջանական 1news.az լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Գրիգորի Այվազյանը կարող է անցնել գրանցման գործընթացը՝ Ադրբեջանի նախագահական ընտրություններին մասնակցելու համար, եթե նրա համապատասխան փաստաթղթերի հանձնումը կատարվի ճիշտ և համապատասխանի օրենսդրական նորմերին:
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամլո քարտուղար Ազեր Սարիևը: Վերջինս նման կերպ է մեկնաբանել «Ադրբեջանի հայերի ասամբլեայի» նախագահ Գրիգորի Այվազյանի այն հայտարարությունը, որ այս անգամ մեկ միլիոնանոց հայ համայնքը պատմական հնարավորություն է ստանում իր մասնակցությամբ Ադրբեջանում առաջին անգամ կազմակերպել մրցունակ ընտրություններ:
Սարիևը հայտարարել է. «Դեռ չի տրվել ընտրական կամպանիայի մեկնարկը, որի ժամանակ Ադրբեջանի յուրաքանչյուր քաղաքացի, այդ թվում նաև հայկական ծագմամբ, կարող է դիմել համապատասխան կառույցին, առաջադրել սեփական թեկնածությունը պետության ղեկավարի պաշտոնում:
Անկախ ազգությունից, յուրաքանչյուր քաղաքացի՝ լինի նա հայ կամ ադրբեջանցի, նշանակություն չունի, իրավունք ունի մասնակցել ընտրություններին, ինչն ընդունված է Ադրբեջանի օրենսդրությամբ»: