Տ. Սարգսյան. 5 տարի եղել եմ ընդդիմության շարքերում և Լևոն Զուրաբյանի այն բոլոր հայտարարություններն՝ իշխանության ցինիզմի, լկտիության, ամենաթողության մասին՝ զգացել եմ իմ վրա
Ազգային ժողովի հարգարժան նախագահ, հարգելի պատգամավորներ, սիրելի քաղաքացիներ, Առաջին հերթին ուզում եմ կառավարության անունից շնորհակալություն հայտնել բոլորիդ՝ այս երեք օրվա շահագրգիռ և խիստ օգտակար քննարկումների համար: Պատահական չէր, որ այս երեք օրերի ընթացքում շատ ելույթ ունեցողներ հայացք էին գցում մեր անցած ճանապարհին, որովհետև մենք կանգնած ենք լուրջ մարտահրավերների առջև և նայում ենք՝ ապագա 4-5 տարիներին ինչպիսի զարգացումներ են տեղի ունենալու և մեր ծրագիրն ինչպիսի Հայաստան է կերտելու: Այդ տեսակետից, ես նույնպես ուզում եմ անդրադառնալ մեր անցած ճանապարհին: Այս դահլիճում գտնվում են մարդիկ, որոնց հետ մենք սկսել ենք շարժումը 1988 թվականից և այս տարիների ընթացքում շատ բաներ ենք տեսել, ու մենք պարտավոր ենք դասեր քաղել այս անցած ճանապարհից:
Ես, լինելով Գերագույն խորհրդի նախագահության անդամ, հինգ տարի եղել եմ ընդդիմության շարքերում և Լևոն Զուրաբյանի այն բոլոր հայտարարություններն՝ իշխանության ցինիզմի, լկտիության, ամենաթողության մասին՝ զգացել եմ իմ վրա:
Եվ համար մեկ դասը, որ ես ինձ համար քաղել եմ՝ կայանում է հետևյալում. իշխանությունը պարտավոր է լսել ընդդիմությանը նույնիսկ, եթե այդ ընդդիմությունը պառակտված է, փոքրաթիվ և թույլ: Դա իշխանության պարտավորությունն է, որովհետև ընդդիմությունն առաջ է քաշում գաղափարներ, որոնք օգտակար կարող են լինել: Մեր պարտավորությունն է տեսնել գլխավորը, միևնույն ժամանակ, գլխավորի շուրջ համախմբվել: Երկրորդայինի մեջ, այո, պետք է լինել ազատ, պետք է մեզ քննադատեն:
Երկրորդ դասը, որ ինձ համար քաղել եմ՝ հետևյալն է. առանց ուժեղ ընդդիմության՝ չի կարող լինել ուժեղ պետություն, քանի որ ուժեղ ընդդիմություն առաջին հերթին նշանակում է այլընտրանք:
Ընդդիմությունը պետք է նայի դեպի ապագան և առաջարկի ծրագրեր, եթե համաձայն չէ մեր ծրագրերի հետ: Դա նշանակում է բանավեճ՝ ապագայի նկատմամբ:
Մենք բոլորս կշահենք դրանից:
Բայց եթե ընդդիմությունը որդեգրում է քաղաքականություն, որով ներկայացնում է միայն մեղադրանքներ, հերյուրանք, դա ճանապարհ է՝ դեպի անցյալ, այլ ոչ թե դեպի ապագա:
Երրորդ դասը. իշխանությունը պարտավոր է խոստովանել սեփական սխալներն ու բացթողումները: Դա է երաշխիքը, որ մենք այդ սխալները կուղղենք և կգնանք առաջ: Բայց դա ամենևին չի նշանակում, որ եթե մենք խոստովանում ենք այդ սխալները, ընդդիմությունը մեզ պետք է վերագրի բաներ, որոնք մենք չենք արել, մեզ վերագրի մտքեր, որոնք մեր մտքերը չեն: Դա լավ ճանապարհ չէ:
Չորրորդ դասը, որ ես ինձ համար քաղել եմ. իշխանափոխությունը չէ մեր երկրի հիմնական խնդիրը, հարգելի իմ ընկեր Ռուբեն: Իշխանափոխությունը չէ այն հիմնարար խնդիրը, որի լուծումը մենք ձեզ հետ միասին պետք է գտնենք, այլ` ապագայի տեսլականը, համոզմունքը և կամքը: Ով ունի ապագայի տեսլական, ով ունի համոզմունք և կամք, նա էլ կլինի Հայաստանի Հանրապետությունում իշխանություն:
Եվ եթե մենք համոզված ենք մեր տեսլականի մեջ`մենք պետք է նաև ներկայացնենք ձեր դատին, թե ինչ քայլերով պետք է գնանք առաջ: Եթե մենք ուզում ենք ունենալ նոր Հայաստան, դա նշանակում է, որ մենք պետք է անենք բաներ, որ մինչ օրս չենք արել, եթե ուզում ենք նոր արդյունք ստանալ: Իսկ խնդիրները, որոնք մեր առջև կանգնած են` տրիվիալ խնդիրներ չեն: Պարզունակ լուծումներ չկան, հարգելի գործընկերներ, իսկ մարտահրավերները, նոր վտանգները և ռիսկերը, որոնք առկա են աշխարհում, տարածաշրջանում, պարբերաբար դրսևորվելու են: Հինգերորդ իմ համոզմունքը և դասը, որ քաղել եմ, կայանում է հետևյալում. առանց համագործակցության չի կարող իրականացվել ոչ մի տեսլական:
Բայց, միևնույն ժամանակ, համաձայն եմ իմ գործընկերների հետ, որ համագործակցությունը չի կարող պարտադրվել: Մեր ծրագրի նախաբանում գրված է, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունն իր ծրագիրը մշակելիս հիմք է ընդունել մեր կուսակցությունների նախընտրական ծրագրերը, այդ թվում ընդդիմության ծրագրերում առկա այն գաղափարները, որոնք համադրելի մեր գաղափարների հետ և դա նույնպես համագործակցության ձև է:
Մեր երկրի նախագահը կողմնակիցն է համագործակցության: Դա նրա քաղաքական գաղափարախոսության հենքն է: Մենք կողմնակիցն ենք համագործակցության, մենք կողմնակիցն ենք կամուրջներ կառուցելու իշխանության և ընդդիմության միջև:
Եվ սրա մասին մեր քաղաքական ղեկավարը մշտապես հանդես է գալիս իր հրապարակային ելույթներում: Եվ սա այն հիմքն է, որի վրա մենք կառուցելու ենք մեր ապագան: Այս երեք օրերի ընթացքում ես տեսա, որ այս դահլիճում տեղի ունեցավ մտածողության փոփոխություն: Մտածողության հեղափոխությունը սկսվեց այս դահլիճից, և ես ձեզ շնորհակալ եմ դրա համար: Շնորհակալություն, հարգելի գործընկերներ:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ