
Մեծ Բրիտանիայում ահաբեկչություն են որակել իսլամիստների կողմից բրիտանացի զինծառայողի սպանվելը

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Լոնդոնի հարավ-արևելքում գտնվող Վուլվիչի շրջանում երկու հանցագործ սպանել են մեկ մարդու, ինչից հետո փոխհրաձգություն է սկսվել նրանց և դեպքի վայր ժամանած ոստիկանների միջև:
Փոխհրաձգության ժամանակ չարագործներից մեկը վիրավորվում է և ձերբակալվում: Ավելի ուշ նրանց երկուսին էլ ոստիկանների ուղեկցությամբ տեղափոխում են հիվանդանոց:
Ապա պարզվում է, որ սպանվածը բրիտանացի զինծառայող է: Ոստիկանությունը նախնական հետաքննության արդյունքներով հայտարարել է, որ տեղի ունեցածը կարելի է դիտարկել որպես իսլամիստների կողմից քաղաքական դրդապատճառներով իրականացված ահաբեկչական հարձակում: Ականատեսները վկայել են, որ հանցագործները շարունակ կրկնել են «Ալլահ աքբար»:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնն ու Լոնդոնի քաղաքապետ Բորիս Ջոնսոնն այս կապակցությամբ հայտարարել են, որ ամենայն հավանականությամբ Լոնդոնում զինծառայողին սպանելը եղել է ահաբեկչություն:
Փարիզում գտնվող Քեմերոնը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ ներկայումս կան հստակ ցուցիչներ, որոնք վկայում են, որ տեղի ունեցածն ահաբեկչական միջադեպ է: Նա հավելել է, որ այդ ամենն ամբողջովին կհստակեցվի ոստիկանական հետաքննությունից հետո:
Այդ միջադեպի հետ կապված՝ Քեմերոնը նաև հայտարարել է, որ որոշել է կրճատել իր փարիզյան այցի ժամկետը և շուտափույթ վերադառնալ Մեծ Բրիտանիա: