ՀՔԾ-ն չի քննի քաղաքապետի ունեցվածքի վերաբերյալ հաղորդումը
«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) հրաժարվել է քննության առնել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ունեցվածքի վերաբերյալ հաղորդումը, որով ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) պահանջել էր քրեական գործ հարուցել, պարզել Մարգարյանի ունեցվածքի օրինականությունը և պատասխանատվության ենթարկել նրան:
Ի պատասխան հանցագործության կատարման մասին Կոնգրեսի հաղորդման` ՀՔԾ-ն ուղարկել է գրություն այն մասին, որ «այս դիմումը ենթակա չէ քննարկման», «բովանդակային առումով այն հանցագործության կատարման մասին հաղորդման բնույթ չունի», քանի որ դրանում ընդամենը թվարկված է Տարոն Մարգարյանի հայտարարագրած անշարժ ու շարժական գույքը և «հիշատակված չի որևէ տեղեկություն գույքը հանցավոր ճանապարհով ստացված լինելու, գույքի հանցավոր ծագումը թաքցնելու նպատակով որեւէ արարք կատարելու մասին»:
Հանցագործության մասին հաղորդման մեջ Կոնգրեսը վկայակոչել էր պաշտոնական փաստաթղթեր` 2005-ին, 2007-ին եւ 2013-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացված Տարոն Մարգարյանի գույքի եւ եկամուտներն հայտարարագրերը, ըստ որոնց Մարգարյանի կարողությունները 2005-ից ի վեր աճել են միլիոններով, ընդ որում, ըստ ընդդիմադիրների ուսումնասիրությունների, դա ոչ ժառանգության կարգով ստացած ունեցվածք է, ոչ ձեռնարկատիրական գործունեության, ոչ էլ նվիրատվության: Մասնավորապես, 2005-ին Ավանի թաղապետ Տարոն Մարգարյանի մեկ տարվա եկամուտը կազմել է մոտ 7 միլիոն դրամ, իսկ 2013-ին արդեն Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հայտարարագրել է մի ունեցվածք, որը ընդդիմությունը գնահատում է 6-10 միլիոն դոլար, մասնավորապես, միանձնյա եւ ընդհանուր սեփականություն հանդիսացող 7 շենք ու շինություն, հողին ամրակցված 3 անշարժ գույք, հողամաս, 115 միլիոն դրամ, 50 հազար դոլար եւ 50 հազար եվրո:
Գլխավոր դատախազություն ուղարկած հաղորդման մեջ Կոնգրեսը հիշատակել էր այն փաստը, որ Ավանի թաղապետ Տարոն Մարգարյանի աշխատավարձը եղել է 130 հազար դրամ, իսկ որպես քաղաքապետ նա ստանում է ամսական 394 հազար դրամ աշխատավարձ:
Ունեցվածքի առաջացման աղբյուրների բացակայությունը հայտարարագրերում Կոնգրեսին հիմք էին տվել ենթադրել, որ գործող քաղաքապետը իր ունեցվածքը ձեռք է բերել հանցավոր ճանապարհով` թաքցնելով գույքի ստացման աղբյուրը, ինչը համապատասխանում է Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածին, այն է` «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը»:
Սակայն ՀՔԾ-ն պատասխանել է, որ Կոնգրեսի գրությունը «կատարված հանցագործության մասին որեւէ տեղեկատվություն չի պարունակում», իսկ Քրեադատավարական օրենսգրքով ու Վճռաբեկ դատարանի 2007-ի նախադեպային որոշմամբ քրեական գործ կարող է հարուցվել (կամ գործի հարուցումը մերժել) «հանցագործության հատկանիշներ մատնանշող տվյալների» առկայության դեպքում:
ՀԱԿ-ը ՀՔԾ-ի պատասխանը որակում է ապօրինի` կառույցին մեղադրելով անգործության մեջ: ՀԱԿ իրավական աջակցության կենտրոնը համակարգող Արմեն Խաչատրյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում համոզված էր, որ ՀՔԾ-ն պարզապես խուսափել է գործի քննությունից:
«Այս գրությունը որեւէ կապ չունի Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված ընթացքի հետ, որը կարող էր ունենալ հաղորդումը: Սա ընդամենը հարցի քննությունից խուսափելու, կամ հարցի «տակ չմտնելու» համար ընտրված ճանապարհ էր: ՀՔԾ-ն չի ուզում ուսումնասիրել, որովհետեւ գլխավոր դատախազին ուղղված մեր հաղորդման մեջ փաստերն այնքան ակնհայտ են, որ քրեական գործ չհարուցելու որեւէ տարբերակ չկար: Ուղղակի անհնար է խուսափել դրանից, երբ ակնհայտ երկու փաստ կա` պետական պաշտոնյան X թվականին ունեցել է X չափով ունեցվածք, Y թվականին` Y չափով ունեցվածք, ու այդ ընթացքում չի ունեցել բավարար եկամուտներ, որոնց արդյունքում կարող էր այդ ունեցվածքի չափը փոխվել», – «Ազատություն» ռադիոկայանին ասել է Խաչատրյանը:
Այնուհանդերձ, ՀԱԿ-ը բողոք է ներկայացնելու գլխավոր դատախազին, որից հետո դիմելու է դատարան: