
Սերգեյ Լավրովը հաստատել է Սիրիային С-300 համալիրների հատկացումը

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանը չի պլանավորում Սիրիային վաճառել С-300 համալիրներ և ավարտում է նախկին պայմանագրերով պաշտպանական սպառազինության մատակարարումը:
Այս մասին այսօր Լեհաստանի ու Գերմանիայի արտգործնախարարներ Ռադոսլավ Սիկորսկիի ու Գիդո Վեստերվելեի հետ հանդիպման արդյունքներով հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը.
«Ռուսաստանը չի պլանավորում վաճառել, Ռուսաստանն արդեն վաղուց է վաճառել, և ավարտում է ստորագրված պայմանագրով տեխնիկայի՝ հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարումը: Դա արգելված չէ որևէ միջազգային նորմերով, դա պաշտպանական զենք է:
Այն նախատեսված է նրա համար, որ տվյալ դեպքում Սիրիան ունենա օդային հարվածներից իրեն պաշտպանելու հնարավորություն: Իսկ դա, ինչպես մենք գիտենք, ընդհանրապես ֆանտաստիկ սցենար չէ»:
Ամերիկյան The Wall Street Journal պարբերականը երեկ գրել է, որ Իսրայելի իշխանություններն ԱՄՆ-ին զգուշացրել են այն մասին, որ Դամասկոսը սկսել է վճարումներ կատարել Ռուսաստանին՝ 144 հրթիռների և 6 արձակման սարքերի գնման համար:
Գործարքը գնահատվում է 900 միլիոն դոլար: Այդ գործարքի մասին պայմանավորվածությունը կողմերի միջև ձեռք է բերվել դեռևս 2010 թվականին: