«Ամենակարևոր սխալներից մեկն այն է, որ մինչև 6 ամսական երեխաներին ջուր են տալիս»
Հայաստանում մինչև հինգ տարեկան երեխաների շրջանում թերաճությունը 19 տոկոս է կազմում: Այս մասին այսօր ասաց ՅՈՒՆԻՍԵՖ-ի գլխամասային գրասենյակի սնուցման գծով ավագ խորհրդատու Նունե Մանգասարյանը Հայաստանում, Ալբանիայում և Վրաստանում թերաճության խնդրի դեմ պայքարելու վերաբերյալ տարածաշրջանային աշխատաժողովի ընթացքում: Նրա խոսքով՝ Հայաստանի այս ցուցանիշն՝ աշխարհի այլ երկրների համեմատ փոքր է, սակայն գրեթե յուրաքանչյուր 5-րդ երեխա ունի այդ խնդիրը:
«Վերջին տասնամյակում շատ մեծ գիտական աշխատանքներ են կատարվել և ապացուցվել, որ թերաճը շատ մեծ կապ ունի մտավոր զարգացածության հետ, մանավանդ վաղ հասակի երեխաների և հղի կանանց մոտ՝ սնուցման հետ կապված, այսինքն՝ եթե երեխան ծնվում է կարճահասակ կամ առաջին երեք տարվա ընթացքում նորմաների և ստանդարտների համեմատ լինում է կարճ, սա նշանակում է նաև, որ նրա մտավոր զարգացածությունն ավելի քիչ է, քան օպտիմալ կարող էր լինել. այդ երեխան կարող է ունենալ ավելի վատ ցուցանիշներ դպրոցում սովորելիս, կարող է ունենալ ավելի վատ հիշողություն, մաթեմատիկայի արդյունքներն, օրինակ, ավելի վատ կարող են լինել: Նաև ապացուցված է, որ 0-5 տարեկան այն երեխանեըը, որոնք կարճահասակ են, մեծահասակ տարիքում ավելի քիչ աշխատանքային արդյունավետություն ունեն, ավելի քիչ են վաստակում, և դա ընդհանրապես ազդում է ազգային էկոնոմիկայի վրա»,- ասաց նա: Նունե Մանգասարյանն ասաց, որ կնոջ հղիության 9 ամիսները և կյանքի առաջին երկու տարիներն ամենակարևոր ժամանակաշրջանն են. այս ընթացքում հղի կինը և 0-2 տարեկան երեխան պետք է ճիշտ սնուցվեն և խնամվեն:
«Սնունդը շատ դեպքերում Հայաստանում, Վրաստանում, Ալբանիայում կա, բայց ժողովուրդը չգիտի, թե ինչն է ճիշտը, ինչն է ճիշտ խնամքը, ուտելիքը»,- ասաց Նունե Մանգասարյանը: Ըստ նրա՝ սննդի 7 կարևոր խմբեր կան, որոնք երեխաները պետք է ստանան, սակայն բնակչությունը դրան տեղյակ չէ. «Օրինակ, երեխաներին՝ 6 ամսականից սկսած, միս պետք է տալ: Միսը պարունակում է շատ կարևոր երկաթի նյութեր, և եթե երեխան չի ստանում դա, նա անպայման ունենում է ցածր հեմոգլոբին, որն անդրադառնում է նրա ուղեղի զարգացման վրա, իսկ մինչև 6 ամսականը երեխաներին ոչինիչ չի կարելի տալ՝ բացի կրծքի կաթից: Ամենակարևոր սխալներից մեկն այն է, որ մինչև 6 ամսական երեխաներին ջուր են տալիս: Կրծքի կաթն ունի ավելի քան 80 տոկոս ջուր, և բնակչությունը դա չգիտի»:
ՀՀ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանն ասաց, որ աշխատաժողովին մասնակցում են Հայաստանի, Ալբանիայի, Վրաստանի ներկայացուցիչներ, քանի որ այս երկրներում սոցիալական վիճակը, զարգացածության մակարդակը, առողջապահական խնդիրները համընկնում են. «Մայրաքաղաքում և մարզերում մեծ տարբերություն չենք նկատել, սակայն շատ չնչին տարբերություն կա»:
Վրաստանի պետական բժշկական համալսարանի դասախոս Մայա Շևշեուլիձեն նշեց, որ Վրաստանում, վերջին տվյալների համաձայն՝ մինչև 5 տարեկան երեխաների շրջանում թերաճությունը 11 տոկոս է կազմում. «Եթե խոսենք հասակի կարճության մասին, ապա դա մոտավորապես 12 տոկոս է կազմում, իսկ եթե խոսենք անեմիայի մասին, որը թերսնուցման ցուցանիշներից մեկն է, ապա 0-5 տարեկան երեխաների շրջանում 22 տոկոս է կազմում, իսկ հղի կանանց և ռեպրոդուկտիվ տարիքի կանանց մոտ 24 տոկոս է կազմում»: Մայա Շևշեուլիձեն նշեց, որ, չնայած վերջին տարիներին Վրաստանում որոշակի միջոցառումներ են իրականացվել, սակայն դրանց արդյունքում նման խնդիրներ ունեցող երեխաների թիվը չի պակասել: