«Սապֆիրը» վաճառվում է 4 մլն դոլարով
Դեռևս նախորդ տարի «Յունիբանկը» դատական հայց էր ներկայացրել Նոր Հաճընի «Սապֆիր» ԲԲԸ-ի դեմ: Խորհրդային տարիներից պահպանված երբեմնի մեծ համբավ ունեցող գիտատեխնիկական այս ձեռնարկությունը, որը զբաղվում է բյուրեղների, մասնավորապես՝ սապֆիրի արտադրությամբ, բանկի վարկառուներից էր և հայտնվել էր «սև ցուցակում»: Խոսքը մոտ 700 հազար դոլար վարկի մասին էր: «Սապֆիր» ընկերությունում նաև տեխնիկական քարերի և ռուսական ալմաստի վերամշակում էր կատարվում: Գործում էին նաև հաստոցաշինական և բենզոփոխարկիչների արտադրամասերը, որը խոշոր պատվերներ էր ստանում ռուսական շուկայից:
Ժամանակին հայկական «Սապֆիր» ընկերության նախագահ և «Մշակ» ընկերության համահիմնադիր Բորիս (Բարեղամ) Պետրոսյանն ասում էր, որ «Սապֆիր» գործարանում արտադրության զարգացումը Հայաստանի համար հավասարազոր է նավթային մեծ պաշարներ ունենալուն, քանի որ գործարանի շուկան տարեկան աճում է 40%-ով. «Փորձում եմ այնպես անել, որ «Սապֆիրի» արտադրանքի ծավալը կազմի համաշխարհային շուկայի 10-20%-ը: Ներկայումս «Սապֆիրում» գործում են շափյուղայի արհեստական աճեցման 30 կայանքներ»,- դեռևս 2008թ. հարցազրույցներից մեկում ասել էր նա:
Դեռևս անցյալ տարի մամուլում գրվել էր, որ արտասահմանյան ընկերություններից մեկը 20 մլն դոլար ներդրումներ ենթադրող համագործակցության ինչ-որ պայմանագիր կնքելու առաջարկ էր ներկայացրել «Սապֆիր» ԲԲԸ-ին, որը, սակայն, հնարավոր չէր եղել «Յունիբանկի» հետ դատական քաշքշուկի պատճառով:
168.am-ի տեղեկություններով՝ ընկերությունը տնօրինության գործունեության արդյունքում տարիներ շարունակ թալանվել է: Չնայած դրան, այն իր տեխնիկական հնարավորություններով դեռևս մեծ հետաքրքրություն է ներկայացնում ներդրողների համար, հատկապես՝ ձեռնարկության՝ ադամանդի մշակման հնարավորությունների տեսանկյունից: 2012թ. հոկտեմբերին Բորիս Պետրոսյանին քրեական մեղադրանք առաջադրվեց՝ ֆինանսական պարտավորությունների հետ կապված:
Այդ ընթացքում գործարանի կառավարմամբ զբաղվում էր վարկատու առևտրային բանկի կողմից նշանակված անձը: Ձեռնարկության արտադրամասերից մեկը մասնավոր ձեռներեցի էր տրամադրվել, որը փորձում էր լեյկոսապֆիրի աճեցման արտադրամաս կազմակերպել: Այդ ժամանակ մամուլում նշվում էր նաև, որ ընկերությունը հարկային ծառայության հետ էլ ձգձգվող վեճ ունի: Նաև նշվում էր, որ Բ. Պետրոսյանը ռուսաստանյան ընկերությունից «Սապֆիրի» անունով տրանսֆերտների ձևակերպման հետ կապված խնդիրներ ունի:
Իսկ «Յունիբանկի» հետ ունեցած խնդիրների ընթացքում Բ. Պետրոսյանն ասել էր, որ իրենք չեն հրաժարվում բանկի պարտքից և փորձում են բանկի հետ բանակցություններ վարել, որպեսզի շարունակեն ընկերության աշխատանքը: Նշենք, որ 2004թ. «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը որոշել էր «Սապֆիր» ԲԲԸ-ի պետական սեփականություն հանդիսացող 15,4 տոկոս բաժնեմասն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել նշված ընկերության 64,6 տոկոս բաժնեմասի սեփականատեր «Իմպերիալ- Ոսկերչական» ՍՊԸ-ին: Նախատեսվում էր երեք տարվա ընթացքում իրականացնել մինչև 3 մլն դոլարի ներդրումներ և ապահովել 500 աշխատատեղ: 168.am-ին հայտնի դարձավ, որ «Սապֆիրը» վերջերս դատարանի կողմից ճանաչվել է սնանկ և բաց աճուրդի է հանվել՝ 4մլն դոլար մեկնարկային գնով: