Ատկատ, ասֆալտ, նստարան՝ Ավելի լավ Երևան

Հայաստանի իշխանությունների ամենասարսափելի հակառակորդն՝ ընտրություններում և ընդհանրապես, ոչ թե ընդդիմադիրները, քաղաքական մրցակիցները, իրենց քննադատողներն են, այլ ժողովրդավարությունը՝ դրանից բխող որոշակի հետևանքներով ու պարտականություններով: Ժողովրդավարությանը հավատարիմ լինելու մասին հայտարարություններն իշխանությանը պետք են, որպեսզի միջազգային հանրությունն «ըմբռնումով մոտենա» այն ամենին, ինչը Հայաստանում իշխանությունն անում է ամենևին ոչ ժողովրդավարական նկրտումներով:

Բայց «ըմբռնումով մոտենալու» դիմաց միջազգային հանրությունը պահանջում է ընդունել որոշակի խաղի կանոններ, որոնք մեր իշխանությանը երբեմն դնում են անհարմար վիճակի մեջ:

Այդպիսի կանոններից մեկն էլ պաշտոնյաների ունեցվածքի պարտադիր հայտարարագրման պահանջն է, որը միջազգային կազմակերպությունների պահանջով ամրագրվել է օրենքով: Պաշտոնյաները հետևում են այդ օրենքին ձևականորեն, ինչպես օրենքներին հետևում են ընդհանրապես կյանքում: Այսինքն՝ իրենց ունեցվածքն, այսպես թե այնպես, գրանցում են զանազան զոքանչների, աներձագների, մորաքույրների ու հորեղբայրների, վարորդների անուններով՝ հայտարարագրերում, որպես կանոն, ցույց տալով «անբասիր պաշտոնյային» հարիր կարողություն: Բայց լինում են նաև դեպքեր, երբ կա՛մ պաշտոնյան բավարար չափով խելամիտ չի գտնվում ու ամբողջ ունեցվածքը չի ձևակերպում մերձավորների անունով, կա՛մ  ունեցվածքն այնքան շատ է լինում, որ չի կարողանում դրան համապատասխան քանակությամբ վստահելի մերձավորներ գտնել: Թե նշված դեպքերից որն է տեղի ունեցել գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի դեպքում՝ դժվար է ասել: Բայց փաստն այն է, որ ողջ կյանքի ընթացքում երբևէ ձեռնարկատիրությամբ չզբաղված 35-ամյա այս պաշտոնյան ազնվություն կամ անկարողություն է դրսևորել և հայտարարագրել է նվազագույն հաշվարկներով մի քանի միլիոն դոլարի հասնող ունեցվածք: Հայտարարագրել է, բայց չի կարողանում պատասխանել «որտեղի՞ց» հարցին:

Մամուլում նաև նշվեց, որ հայտարարագրում ամբողջ ունեցվածքը չէ նշված: Զավեշտը հասնում է այն աստիճանի, որ, երբ լրագրողները Տարոն Մարգարյանին հարցեր են ուղղում նրա սեփական, կրկնում ենք, սեփական կարողության մասին, պատասխանում է՝ այդ հարցով դիմեք իմ կենտրոնական շտաբին: Հետաքրքիր է՝ եթե մարդն անձամբ չի կարողանում պատասխանել՝ ի՞նչ միջոցներով է ձեռք բերել այս, այս, այս հողատարածքները, այն, այն, այն բնակարանները, և այլն, և այդպես շարունակ, ինչպե՞ս է, ասենք, նրա շտաբի պետ Էդուարդ Շարմազանովը պատասխանելու այդ հարցին: Բայց Տարոն Մարգարյանը հորդորում է դիմել շտաբին, քանի որ շտաբը ոչ թե տեղեկատվություն պարունակող պատասխան է տալու, այլ լղոզված ոճով ինչ-որ լիրիկական զեղում է անելու առ այն, որ Երևանի քաղաքապետի ունեցվածքի մասին հարցեր տալը սև քարոզչություն է, չարամիտ և ստոր քայլ՝ ՀՀԿ-ի թեկնածուի հարաճուն վարկանիշը արատավորելու նպատակով: Ենթադրենք, այս հարցը բարձրացրած Հայ ազգային կոնգրեսն իսկապես այդպիսի նպատակով է աղմուկ բարձրացրել, ինչը նորմալ է ընտրական պայքարի ժամանակ: Բայց չէ՞ որ Տարոն Մարգարյանը ոչ թե Հայ ազգային կոնգրեսի գրասենյակի պահակն է, այլ՝ Երևանի քաղաքապետը, և պարտավոր է հաշվետու լինել երևանցիներին, որոնցից մեկն էլ, ինչպես ամեն օր հայտարարում է, ինքն է: (Պատկերացնո՞ւմ եք, եթե բոլոր երևանցիներն ունենային Տարոն Մարգարյանի կարողության թեկուզ տասը տոկոսը, ապա Երևանը կդառնար աշխարհի ամենաշատ միլիոնատեր ունեցող մայրաքաղաքը):

Այսքանից հետո, եթե որևէ մեկի համար պարզ չէ, թե ի՞նչ են զգում Տարոն Մարգարյանն ու իր թիմակիցները ժողովրդավարության հանդեպ, ապա նա առնվազն Տարոն Մարգարյանի շտաբի անդամ է: Արմեն Աշոտյանի ականջը կանչի:

Տեսանյութեր

Լրահոս