
Տիգրան Սարգսյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՌԴ դեսպանի հետ

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:
Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ երկկողմ կապերի զարգացման և ամրապնդման գործում ներդրած ջանքերի համար: «Կարող ենք փաստել, որ հայ-ռուսական փոխգործակցության ոլորտներն ընդլայնվել են: Այսօր մեր երկու դաշնակից պետությունների միջև ձևավորվել են ավելի բազմատեսակ կապեր, որոնք ներառում են ոչ միայն տնտեսական, այլև հումանիտար ոլորտները»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Վյաչեսլավ Կովալենկոն ևս գոհունակություն է հայտնել համատեղ կատարած աշխատանքից և վստահեցրել, որ այսուհետ էլ կփորձի օգտակար լինել հայ-ռուսական հարաբերությունների զարգացման գործում: