Բաժիններ՝

«Երբ տեսնում ես՝ նրանց փայլուն աչքերում վառվում են լիքը գաղափարներ, հասկանում ես` այստեղ մենք շատ գործ ունենք անելու»

«Այս ընթացքում ինձ համար բավական նոր բաներ բացահայտեցի, օրինակ՝ ինչպես է համակարգիչն աշխատում, կամ ծրագրավորման լեզուներն ինչպես են աշխատում: Առաջին օրը մենք համակարգչին ներսից ենք ծանոթացել և սկսել ենք դրա որոշ մասերն առանձնացնել, օրինակ` մայր պլատան, սնուցումը, և այլն»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Անին:

15- ամյա Անին արդեն որոշել է ապագա մասնագիտությունը. նա ծրագրավորող է դառնալու: Նա արդեն իսկ տեխնոլոգիական ոլորտին նվիրված տարբեր միջոցառումների է մասնակցում` ապագա մասնագիտությանն ավելի մոտ լինելու և այն ավելի լավ հասկանալու համար: Անին մեկն է «Գաղափարների գործարան. Սեմինարներ տեխնոլոգիաների և ստեղծարարության մասին»  շուրջ մեկ շաբաթ տևած միջոցառման մասնակիցներից, որը կազմակերպել են «Լույս» հիմնադրամը, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը և «ՅՈՒՆԻՍԵՖ»-ը:

«Քանի որ համակարգիչները շատ հին էին, մենք պետք է ստուգեինք՝ արդյո՞ք դրանք աշխատում էին, թե՞ ոչ, և բոլոր աշխատող մասերը հավաքելով մեկտեղ՝ նոր աշխատող համակարգիչ ստանայինք, ինչը շատ հետաքրքիր էր: Հաջորդ օրերին մենք արդեն սկսեցինք համակարգչային ծրագրերին ծանոթանալ…»,- ասաց Անին:

Անին և մի քանի տասնյակ պատանիներ հնարավորություն ունեցան մեկ շաբաթ շարունակ ուսումնասիրելու նոր միջավայրեր, քանդելու և կառուցելու համակարգիչներ` ձեռք բերելով թե՛ տեսական և թե՛ գործնական հմտություններ: Պատանիներին օգնում էին համակարգչագիտության, գիտության և արվեստի հմուտ մասնագետներ, ովքեր սովորեցնում էին նրանց ինժեներություն, ծրագրավորում, և այլն:

Կարդացեք նաև

Luys 2

«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հաղորդակցման բաժնի ղեկավար Արամ Գյումիշյանի խոսքով` այս համագործակցությունը պատանիներին և երիտասարդներին հնարավորություն տվեց` հենց ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում արդեն երիտասարդ տարիքից հասկանալ, թե ինչպես են ստեղծվում այն տեխնոլոգիաները, որոնցից նրանք օգտվում են:

«Այսինքն` երբ դու համակարգիչը քանդում-հավաքում ես, ձեռք ես տալիս սարքավորման անգամ ամենափոքր մասերին, ինքդ արդեն զգում ես այդ ամենը և փորձառություն ես ձեռք բերում: Այս առումով ես կարևորում եմ նման համագործակցությունը «Լույսի» հետ»,- ասաց Ա. Գյումիշյանը:

«Լույս» հիմնադրամի գործադիր տնօրեն Ժաքլին Կարաասլանյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ, ինչպես՝ շատ երկրներում, այնպես էլ՝ Հայաստանում պահանջ կա նոր միջավայրերի և հնարավորության, որպեսզի երիտասարդները կարողանան ոչ ավանդական ձևով մոտենալ գիտությանը:

«Պետք է նրանք կարողանան աշխատել թե՛ ձեռքերով և թե՛ մտքով, ինչպես այստեղ է: Գյուղնախարարությունը մեզ տվեց շատ հին համակարգիչներ, որոնք մենք բերեցինք «Թումո» և սովորեցրինք՝ ինչպես անվախ մոտենալ համակարգչին, քանդել, հասկանալ, թե դրա ամենափոքր մասն անգամ ինչի համար է կարևոր»,- ասաց Ժ. Կարաասլանյանը` նշելով, որ առաջին երեք օրում երեխաները քանդել են հին համակարգիչները և դրանցից հավաքել  յոթ աշխատող համակարգիչ:

Նրա խոսքով՝ բացի համակարգչային գիտելիքներից, իրենք միջոցառման մասնակիցների մեջ սերմանել են նաև անվախ մոտեցում և, որ ամենակարևորն է՝ նաև այն, որ ամեն ինչ հնարավոր է,  և նրանք կարող են այդ բոլոր խնդիրները լուծել: Բացի այդ, այս ընթացքում փորձում են նաև հասկանալ, թե ինչ գաղափարներ ունեն միջոցառման մասնակիցները, օգնել նրանց` դրանց բացահայտելու հարցում, քանի որ այդ ամենը պետք է սկսել երիտասարդ տարիքից:

«Հաճախ գաղափարը կիրառելիս՝ նրանք հասկանում են, որ այն, ինչն իրենց պատկերացմամբ դժվար է իրագործել, իրականում դժվար չէ, կամ՝ հակառակը, ինչն ավելի հեշտ էր թվում՝ ավելի դժվար է իրականում: Երբ տեսնում ես նրանց աշխատանքում, փայլուն աչքերում վառվում են լիքը գաղափարներ, հասկանում ես՝ այստեղ մենք շատ գործ ունենք անելու, որպեսզի նրանց խրախուսենք և բացենք նրանց մտքերը և տեսնենք իրենց ստեղծագործ ուժը»,- ասաց Ժ. Կարաասլանյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս