Բաժիններ՝

«Պետք չէ պարծենալ ազգությամբ, պետք է ապրել այնպես, որ ազգը պարծենա քեզնով» (լուսանկարներ)

168.am-ի զրուցակիցը ոսկերիչ-դիզայներ Նուռն է (Արման Դավթյան):

–  Նուռ, ոսկերչությո՞ւն, թե՞…

– «Ոսկերչություն» բառն իմ պարագայում փոքր-ինչ չեմ ընդունում և չեմ ընկալում: Իմ դեպքում զարդագործություն է, որովհետև նյութերը շատ տարբեր ու բազմազան են: Ես ամեն աշխատանք դիտարկում եմ՝ իբրև փոքրիկ քանդակ, որն ունի իր ծավալուն ընդհանուր թեման, հասկացությունը: Եթե քո մեջ կա արվեստի ինչ-որ փոքրիկ հեռարձակող օրգան (ես չգիտեմ՝ այլ կերպ դա ինչպե՞ս կոչել), դու կարող ես այդ արվեստն արտահայտել տարբեր միջոցներով: Կարող է լինել քանդակ, կինոյի սցենար, արձակ, գեղանկարչություն, զարդ, մանրաքանդակ, և այլն:

– Հավատո՞ւմ եք քարերի մոգությանը:

– Ոչ, երբևէ չեմ հավատացել քարի, առհասարակ՝ նյութի մոգությանը, որովհետև նյութը չի կարող իրենից բավականաչափ էներգիա հեռարձակել, ինչքան որ մարդն է կարողանում իր էությամբ հեռարձակել: Նյութը կարող է անդրադարձնել քո տվածը, այսինքն՝ ինչ տաս նրան, նա կարող է տասնապատկել այն և անդրադարձնել քեզ:

– Կբնութագրե՞ք այն կնոջը կամ տղամարդուն, ովքեր կրում են Ձեր պատրաստած զարդը:

– Ես ամեն մարդու մեջ փորձում եմ գտնել ողջ աշխարհի մարդկանցից իրեն առանձնացնող, տարբերող ինչ-որ բան: Եթե ես գտել, բացահայտել եմ այդ առանձնացնող բանը, ապա նա կունենա իմ պատրաստած զարդը, որն իրեն կառանձնացնի ողջ աշխարհից: Ասեմ, որ դա բոլորի մեջ կա, ուղղակի ոմանց մոտ ստացվում է այն բացահայտել, ոմանց մոտ՝ ոչ: Դա իմ խնդիրն է: Կապ չունի՝ մարդն ի՞նչ արտաքին ունի, գեղեցի՞կ է, թե՞ ոչ, շիկահե՞ր է, թե՞ սևահեր… այս դեպքում դիտարկվում է մարդ տեսակը:

– Այսինքն՝ կարելի՞ է ենթադրել, որ զարդը պատրաստելուց առաջ կամ ընթացքում նաև պետք է շփվեք պատվիրատուի հետ:

– Միանշանա՛կ: Դա պարտադիր պայման է:

– Պատվեր չե՞ք ընդունի, եթե չբացահայտեք տվյալ մարդու առանձնահատկությունը:

– Այո, նման դեպքեր լինում են: Ասեմ, որ տասը պատվիրատուներից ընդամենը 3-4-ն է զարդ ունենում:

– Հետաքրքիր է՝ որևէ զարդ պատրաստելու իդեան ինչպե՞ս է Ձեր գլխում հայտնվում:

– Այս հարցին պատասխանելու համար պետք է մտնեմ իմ գլխի մեջ, որը չեմ կարող անել, որովհետև ես չափերով մեծ եմ, իսկ գլուխս՝ փոքր (ժպտում է.- Գ.Ա.): Դա քիմիական գործընթաց է, որը երբևէ ոչ մի գիտնական չի կարող բացատրել, և գիտությունը չի կարող հասնել այն մակարդակին, որ կարողանա բացահայտել, թե որտեղի՞ց է գալիս իդեան:

– Լավ, հարցս այլ կերպ ձևակերպեմ՝ ստեղծագործական գործընթացն ինչպե՞ս է ընթանում:

– Շատ տարբեր ձևերով: Ամեն անգամ այն նոր, տարբեր, ցնցող ձևով է ընթանում: Երբ միտքը գալիս է, առաջինը ցնցվում եմ ես, որովհետև այն ինձ համար անսպասելի է: Ես միշտ ինքս ինձ հարցնում եմ՝ որտեղի՞ց այն եկավ, ինչո՞ւ: Սա և՛ զարմացնում է, և՛ ֆանտաստիկ հաճույք պատճառում:

– Զարդագործությունը, բացի նրանից, որ արվեստ է, նաև բիզնես է: Ձեզ համար այս տեսանկյունից հաջողության հասնելու գաղտնիքը ո՞րն է:

– Բոլորի նկատմամբ պետք է բաց լինել, ոչինչ չթաքցնել, և, դրա հետ մեկտեղ, բաց լինելը պետք է մաքուր և հաճելի լինի:

– Գումարը Ձեր կյանքում ինչպիսի՞ դեր ունի:

– Գումարն իմ կյանքում այնքանով է դեր խաղում, որքանով իմ ապրելու պահանջներն են: Սրանից ոչ մի վայրկյան ավելի: Եթե գումարն ինձ համար լուրջ նշանակություն ունենար, ապա ես այսօր շատ-շատ հարուստ մարդ կլինեի, այնքան հարուստ, որքան Երևանում ոչ մեկը չի եղել: Հաճախ են լավ առաջարկներ լինում, վերջին նմանատիպ առաջարկին ես պատասխանեցի՝ «ինձ այնքան փող պետք չէ»:

– Ձեր աշխատանքներում ինչպիսի՞ նյութեր եք օգտագործում:

– Ամեն ինչ… կրիայի պատյան, կետի բեղ, փղի պոչի մազ, տարբեր փայտեր և կաշիներ, չորացրած ծաղիկներ, թիթեռների թևերից, փետուրներից:

– Կա՞ն ինչ-որ նախշեր, որոնք շատ եք սիրում և հաճախ եք Ձեր աշխատանքներում օգտագործում:

– Իմ աշխատանքներում հաճախ են լինում հայկական զարդանախշեր: Դրանք ունեն շատ խոր իմաստ և ճշգրիտ մտածելակերպ:

– Դուք Ձեր պատրաստած զարդերը կրո՞ւմ եք:

– Շատ հազվադեպ: Քիչ զարդեր ունեմ, որովհետև հաճախ կորցնում եմ: Տվյալ պահին վզիս փոքրիկ զարդ ունեմ, որը կոչվում է «Մոգական քառակուսի». ներսում երկնաքար է:

Կա՞ն հայտնի մարդիկ, որոնց հետ կցանկանայիք աշխատել, բայց դեռևս բախտ չի վիճակվել:

– Երևի թե կան մարդիկ, որոնց համար կուզենայի ստեղծագործել, բայց երբեք դա չեմ կարող անել, որովհետև, ցավոք, նրանք այլևս չեն ապրում: Մի նախագիծ ունեմ և գտել եմ այն տարբերակը, որով կարող եմ ստեղծագործել այդ մարդկանց համար: Փակագծերը չեմ բացի: Բոլոր երազանքներս իրականանում են (ժպտում է.- Գ.Ա.):

– Դրսից աշխատելու առաջարկներ շա՞տ եք ստանում:

– Հիմա էլեկտրոնային հասցես բացեմ և ասեմ, այսօրվա առաջարկները չեմ կարդացել (ժպտում է.- Գ.Ա.): Ամեն օր բազմաթիվ առաջարկներ եմ ստանում, բայց ես երբեք չեմ գնա Հայաստանից, որովհետև, եթե ես գնամ՝ ո՞վ մնա…

– Ի՞նչ կավելացնեք:

– Միշտ ասել եմ ու կասեմ այն արտահայտությունը, որը նվիրել եմ հայ ազգին և որը կուզենամ, որ դառնա շատ մարդկանց կարգախոսը: Այն է՝ «Պետք չէ պարծենալ ազգությամբ, պետք է ապրել այնպես, որ ազգը պարծենա քեզնով»: Եթե ամեն մեկն իր վրա սա ընդունի ու փորձի այդպես ապրել, ապա մենք կլինենք աշխարհում ամենահզոր ազգը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս