ՕԵԿ-ն ու ՀՅԴ-ն սեփական սոցհարցումներն ունեն

«Հայկական սոցիոլոգիական ասոցիացիան» այսօր հրապարակել է Երևանու ավագանու ընտրություններին մասնակցող ուժերի վարկանիշների վերաբերյալ սոցհարցման արդյունքներ, ըստ որի, «Հայ ազգային կոնգրես», «Հայ հեղափոխական դաշնակցություն», «Օրինաց երկիր» կուսակցությունները չեն կարող հաղթահարել անցողիկ շեմը:

«Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի» ղեկավար Գևորգ Պողոսյանի հրապարակած սոցիոլոգիական հարցման տվյալներով՝  ՀԱԿԿ-ն ստացել է 4.4 տոկոս, ՕԵԿ-ը` 4.2, ՀՅԴ-ն` 2.2:

Հարցման արդյունքներով՝ առաջատարը Հայաստանի հանրապետական կուսակցությունն է` 48.3 տոկոսով, երկրորդ հորիզոնականում՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է՝ 16.1 տոկոսով, այնուհետև՝ «Բարև, Երևան» դաշինքն է, որն, ըստ Գ. Պողոսյանի՝ կկարողա հաղթահարել անցողիկ շեմը` 8.4 տոկոս քվե ունենալով:

168.am-ի հետ զրույցում ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն այսպես արձագանքեց «Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի» սոցհարցման արդյունքներին.

Կարդացեք նաև

«Եթե նախընտրական շրջանում տուրք տանք այդ հայտարարություններին, այդ հարցումներին, դա կնշանակեր, որ քարոզարշավն ընդհանրապես պետք է դադարեցնել և  ընկել նման որոշումների խելքին: Մեզ վրա ոչինչ չի ազդում, մեր քարոզարշավը նույն ակտիվությամբ անում ենք: Բոլոր բակերում, դահլիճներում մենք ունենք համապատասխան կուսակցականներ, համակիրներ, որոնք գալիս են և որոշումներ են կայացնում»:

Հեղինե Բիշարյանը նաև կասկած հայտնեց, թե հայտնի չէ` այդ սոցհարցումն ի՞նչ մեթոդաբանություն է օգտագործել և որքանո՞վ է հավաստի: Միաժամանակ նա նշեց, թե իրենք ունեն իրենց ներքին հարցումը:

«Ես չգիտեմ, թե իրենք ինչ ճշգրտության շրջանակներում են նայում, բայց ես ամեն դեպքում համոզված եմ, որ մենք ոչ միայն հաղթահարելու ենք, այլև ավելին ենք հավաքելու»,- նշեց ՕԵԿ փոխնախագահը:

ՀՅԴ համամասնական ցուցակում երրորդ հորիզոնականը զբաղեցնող ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը ևս վստահեցրեց, որ իրենց ներքին հարցումները բոլորովին այլ պատկեր են արտացոլում:

«Մենք անլուրջ գործերին լուրջ չենք վերաբերվում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արսեն Համբարձումյանը՝ արձագանքելով սոցիոլոգ Գևորգ Պողոսյանի հրապարակած հարցումների արդյունքներին:

Մեր այն հարցին, թե սա պատվիրվա՞ծ սոցհարցում եք համարում, Արսեն Համբարձումյանը պատասխանեց. «Այլ գնահատական չեմ կարող տալ, որովհետև մենք ունենք մեր հարցումները, որոնք բոլորովին այլ պատկեր են նկարագրում»:

Մեզ չհաջողվեց ՀԱԿԿ-ից որևէ մեկնաբանություն ստանալ այս հարցման վերաբերյալ, քանի որ կուսակցության ներկայացուցիչները չէին պատասխանում մեր հեռախոսազանգերին:

Տեսանյութեր

Լրահոս