Ադրբեջանը պատրաստ է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ խաղաղության մեծ համաձայնագիր կնքելուն. Մամեդյարով
Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն այսօր լրագրողների հետ զրույցում հերթական անգամ հայտարարել է, որ Ադրբեջանը պատրաստ է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ խաղաղության մեծ համաձայնագիր կնքելուն.
«Ես համաձայն եմ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի երեկվա հայտարարության հետ՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթացի բացակայության մասին:
Բանակցային գործընթացը ցայժմ արդյունք չի տվել, նախարարները հանդիպում են, սակայն չկա այդ բանակցությունների տրամաբանական ավարտը: Մենք պատրաստ ենք աշխատել խաղաղության մեծ համաձայնագրի ուղղությամբ»:
Մամեդյարովը նաև հաստատել է, որ Հայաստանի արտգործնախարարի հետ առաջիկա հանդիպումը պետք է տեղի ունենա մայիսին, Լեհաստանի Կրակով քաղաքում:
Հիշեցնենք, որ վերջին տարիներին Մամեդյարովը շարունակ հայտարարում է, որ Ադրբեջանը պատրաստ է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ խաղաղության մեծ համաձայնագիր կնքելուն: Ընդ որում, ըստ Մամեդյարովի՝ դա «հնարավոր է անել» առանց «հիմնարար սկզբունքների» շուրջ համաձայնության գալու:
Դրա պատճառն այն է, որ «հիմնարար սկզբունքներում» խոսք է գնում ԼՂՀ-ին սկզբնական շրջանում միջանկյալ, ապա նաև վերջնական կարգավիճակ տրամադրելու մասին: Իսկ դա զայրույթի ալիք կբարձրացնի Ադրբեջանում, քանի որ այդ երկրի ղեկավարությանն իր շարունակ ռազմաշունչ հայտարարություններով հասարակությանը տրամադրել է միայն բացարձակ հաղթանակի:
Այնպես որ, խաղաղության մեծ համաձայնագիր կնքելու պատրաստակամության մասին ադրբեջանական կողմի արած հայտարարությունները միայն վերացական հայտարարություններ են և գալիս են արտաքին արենայում փոխելու Ադրբեջանի ռազմաշունչ հայտարարություններին, որոնք անհրաժեշտ են միայն ներքին արենայում և բացասական արձագանքների են արժանանում միջազգային հանրության կողմից: