Պուտինը հաստատել է, որ Բորիս Բերեզովսկուց ստացել է երկու նամակ
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկրի քաղաքացիների հետ ուղիղ շփման ժամանակ հայտարարել է, որ Մոսկվան տեղեկություններ չունի Լոնդոնում Բորիս Բերեզովսկու մահվանն օտար հատուկ ծառայությունների մասնակցության մասին.
«Ես չգիտեմ, ամեն ինչ հնարավոր է: Սակայն մենք չունենք այդպիսի տեղեկատվություն»: Պուտինը հաստատել է, որ Բերեզովսկուց ստացել է երկու նամակ: Առաջին ուղերձը նա ստացել է 2012 թվականի փետրվարին, իսկ երկրորդը՝ գործարարի մահվանից հետո.
«Ես չեմ ցանկանում խոսել այդ թեմայի շուրջ, սակայն դրանից խուսափելը, կարծես թե, անհարմար է: Նամակների բովանդակությունը եղել է նույնը, առաջինը եղել է ձեռագիր, իսկ երկրորդը՝ մասամբ ձեռագիր: Նամակները եղել են բավական անձնական բնույթի:
Ես երբեք նրա հետ չեմ ունեցել մոտ հարաբերություններ, մենք ծանոթ ենք եղել միմյանց, և ամեն դեպքում նա ինձ դիմել է խնդրանքով: Իմ շրջապատում գործընկերներիս մի մասն ինձ խնդրեց անմիջապես հնչեղություն տալ դրան, սակայն փառք աստծու դա տեղի չունեցավ»:
Պուտինը հավելել է, որ Բերեզովսկուն ներելու համար անհրաժեշտ էր անցկացնել իրավաբանական վերլուծություն, խորհրդակցել Գերագույն դատարանի, դատախազության հետ, պետք էր հասկանալ հարցի իրավաբանական կողմը: