Փարիզում ձերբակալվել է կողոպուտով զբաղվող 7 վրացի
Ֆրանսիական Le Parisien թերթի փոխանցմամբ՝ Փարիզում ձերբակալվել է 7 վրացի, որոնց կասկածում են Իլ դե Ֆրանս շրջանում 44 կողոպուտ իրականացնելու մեջ: Ձերբակալվածների տարիքը կազմել է 23-40 տարեկան:
Հետաքննության տվյալներով՝ վրացիները 2012 թվականի մարտից տարբեր տներից գողացել են մոտ 170.000 եվրո արժողությամբ գույք: Վրացիների բնակարաններում կատարված խուզարկության ժամանակ հայտնաբերվել է ոչ միայն գողոնը, այլև՝ այլ հանցանշաններ՝ պտուտակահան, հեռադիտակ, ձեռքի գայլիկոն, ոսկեղենի կշեռք և այլ գործիքներ:
Ֆրանսիական ոստիկանությունը կասկածներ ունի, որ կողոպտիչները կապեր ունեն վրացական մաֆիայի հետ: Ձերբակալություններն իրականացվել են երկամսյա հետաքննությունից հետո:
Ֆրանսիական իշխանությունների տվյալներով՝ այս տարեսկզբից սկսած կողոպուտների քանակը սկսել է աճել: Հունվարին դրանց քանակն աճել էր 15, իսկ փետրվարին՝ 10 տոկոսով: Ընդ որում, ամենահաճախն այդպիսի հանցագործություններում ներքաշված են լինում Արևելյան Եվրոպայից ժամանածները: