Բաժիններ՝

Բաց նամակ Երևանի ավագանու թեկնածուներին. Մտածե՛ք մարդկանց, այլ ոչ՛ թե իրերի մասին

Բուզանդի N11 բակի նախկին բնակիչ Սաթենիկ Դավթյանը բաց նամակ է հղել Երևան քաղաքի ավագանու և քաղաքապետի բոլոր թեկնածուներին:

«Հարգարժան թեկնածուներ

Ձեզանից յուրաքանչյուրը ձգտում է առաջինը լինել այս մրցավազքում: Տալիս եք խոստումներ, պատրաստ եք ամեն կերպ համոզել մարդկանց իրենց ձայները ձեզ տալու: Սակայն ցավով պետք է նշեմ, որ ոչ Տարոն Մարգարյանի, ոչ էլ մյուսների կողմից լրջորեն չխոսվեց իսկական Երևանցու արժանապատվության մասին:

Խոսքս վերաբերվում է 2004-2005թթ Երևանի Կենտրոնի բնակիչների և իսկական Երևանցիների պետական մակարդակով  տեղահանմանը: Մարդկանց պարզապես անփող, անտուն «Գերակա շահ» անվան տակ դուրս շպրտեցին իրենց տներից: Դրանք Երևանցիներ էին, որոնք կես դարից ավել պատմություն ունեին այդտեղ, երբ բազմաթիվ պետական այրեր Երևան քաղաքի  մասին նկարներով էին միայն տեղյակ:

Կարդացեք նաև

Պայքարելով սեփական կառավարության դեմ` այդ ընտանիքները հասան մինչև Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարան, սակայն չստացան դրական լուծում, որովհետև այդտեղ էլ գործեց բարձրաստիճանավորների կոռուպցիան: Մարդու իրավունքն էլ վաճառվեց:

Այսօր Կենտրոնի շատ ընտանիքներ զրկված են իրենց օջախից, փողից, գրանցումից, առողջությունից և, ամենակարևորը, կորցրել են հավատը հայրենի երկրի հանդեպ: Պատկերացրեք մի պահ, որ դուք եք այդ վիճակում, ի՞նչ կանեիք:

Այդ մարդիկ ապրում են Երևանում` առանց գրանցման, առանց բարոյական և նյութական աջակցման, առանց ընտրելու իրավունքի, ապրում են անորոշության մեջ և տխուր հիշողություններով:

Լավ կլիներ, որ Դուք բոլորդ, հարգելի թեկնածուներ,  լուրջ մտածեիք այն իսկական երևանցիների մասին, ովքեր զոհեր դարձան մի քանի հոգու գրպանի հարստացման համար, իսկ կատարողները շատ լավ մարսեցին և շարունակում են մարսել:

Ինչ էլ որ ժողովրդին խոստանաք՝ չնչին է այն ցավի դեմ, որով ապրում են այսօր այդ մարդիկ:

Մտածե՛ք մարդկանց, այլ ոչ՛ թե իրերի մասին: Վերադարձրե՛ք նրանց հավատը մարդկանց ու գալիք բարեկեցիկ ապագայի հանդեպ՝ վերադարձնելով նրանցից խլածը կամ գոնե համարժեք փոխատուցում տալով:

Կարո՞ղ ենք հուսալ, որ Ձեր ընտրվելուց հետո, դուք այնքան արդարամիտ և ուժեղ կգտնվեք, չեք վախենա Ձեր պաշտոնը կորցնելուց և ոմանց ոտքը տրորելուց, և ձեռք կմեկնեք այդ ընտանիքներին:

Ստորև ներկայացնում եմ իմ մտածմունքներից և ցավից ծնված բանաստեղծություններից մեկը»:

Բուզանդի N11 բակի նախկին բնակիչ՝ Սաթենիկ Դավթյան
25.04.2013թ
Հեռ.՝ 323373

 Խաչվածները

Աշխարհս փոխվել է վաղուց,
Ամենուր դաժան պայքար է տիրում,
Սառել է խոսքը մարդկանց բերանին
Մոռացված իրի են նրանք նմանվում:

Կյանքը պայքար է մեծերի համար
Ապրում են աշխարհից կտրված ասես,
Տխուր դեմքերով մոռացված մարդիկ
Չունեն ճագատագրից սպասելիք արդեն:

Կարծես բացված են խաղաթղթերը բոլոր
Ու միևնույն է թէ ով կհաղթի,
Տխուր ու դժգոհ մրմնջյուններով
Սպասում են անձայն իրենց ավարտին:

Ու պտտվում է պտտվում անվերջ
Աշխարհիս անիվը անդադար,
Ցավոք ոչ ոգու դեռ չի հաջողվել
Կանգնեցնելու պտույտը սկսված:

22.04.2013թ. Սաթենիկ Դավթյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս