Ճանապարհաշինության նոր տեխնոլոգիա Հայաստանում (տեսանյութ, լուսանկարներ)
Ճանապարհաշինության այս նոր տեխնոլոգիան աշխարհում առաջին անգամ կիրառվել է ԱՄՆ-ում: Այսօր արդեն նման տեխնոլոգիայով ճանապարհներ են կառուցվում նաև Հայաստանում: Որոշ ճանապարհների ասֆալտապատումն արդեն ավարտվել է:
Ի տարբերություն ավանդական ճանապարհաշինության՝ ասֆալտապատման այս նոր տեխնոլոգիան կրճատում է ծախսերը մոտ 40%-ով: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց «Solid Roads Ինթերնեյշնլ» ընկերության գործադիր տնօրեն Սրապիոն Տեր-Հարությունյանը:
«Հայաստանում սովորություն կա ճանապարհներին 11-15 շերտերով ասֆալտ անել, իսկ այս եղանակով կարելի է ասֆալտի այս 11-15 շերտերի քանակը նվազեցնել՝ դրանք հասցնելով 6-7 շերտերի: Այդպիսով կկրճատվեն շինարարական ծախսերը, քանի որ հիմնականում ճանապարհաշինության ծախսն ասֆալտի վրա է գնում»,- ասաց Ս. Տեր-Հարությունյանը: Ըստ տնօրենի, սակայն, ասֆալտի շերտերի նվազեցումը որևէ կերպ չի անդրադառնում ճանապարհի որակի՝ ամրության և երկարակեցության վրա: Այն համապատասխանում է միջազգայնորեն ընդունված ճանապարհաշինության պահանջներին: Ըստ մեր զրուցակցի՝ ճանապարհաշինության նոր մեթոդի գործածության ժամանակ կիրառվում է պոլիմերային տեխնոլոգիա: Այսինքն՝ էլաստիկ պոլիմերները հողի հետ խառնելով՝ ստանում են ամուր հիմք, որը հնարավորություն է տալիս ասֆալտի շերտի հաստությունը նվազեցնել:
«Ճանապարհաշինության նոր տեխնոլոգիայի կիրառման ժամանակ նախ՝ հատուկ սարքավորման միջոցով ճանապարհը մինչև 50սմ խորությամբ մանրացվում է, ավելացվում են հավելյալ քիմիական նյութեր, որոնք ամրացնում են մանրացված հիմքը, այնուհետև տեղադրվում են ասֆալտբետոնի շերտերը: Ճանապարհաշինության այս տեխնոլոգիան ստեղծել է ԱՄՆ բանակը՝ 25 տարի առաջ, իսկ կոմերցիոն նպատակներով այն, շուրջ 10 տարի է, սկսել է կիրառություն գտնել»,- ասաց Ս. Տեր-Հարությունյանը:
Ճանապարհաշինության ընթացքում կիրառվող հիմնական նյութերը, որոնք, ի դեպ, էկոլոգիապես մաքուր նյութեր են, ըստ մեր զրուցակցի՝ հողային շերտը պաշտպանում են ջրից և ապահովում են կառուցվածքի ամրությունը:
Սրապիոն Տեր-Հարությունյանը ծնվել է Անգլիայում, 2004թ.-ին տեղափոխվել է Հայաստան, այստեղ ստեղծել է իր ընտանիքը: Ինչպես ինքն է նշում՝ հայրենասեր է և հուսով է, որ իր երեխան կմեծանա և կապրի հայրենիքում: Մասնագիտությամբ շինքիմիկոս մեր զրուցակիցն այժմ զբաղվում է իր մասնագիտությամբ ու նշում է, որ ճանապարհաշինությամբ զբաղվելու «ջիղն» իր մեջ հայտնաբերել է Հայաստանում ու սկսել ճանապարհների կառուցումը: «Ճանապարհներ սկսել ենք ստեղծել 2008 թվականից սկսած՝ «Միկա ցեմենտ» գործարանում ենք ճանապարհ կառուցել, Ալավերդիում՝ Տրանսպորտի նախարարության միջոցով, և այլն: Եթե 1 քկմ-ի արժեքը կես գնով կարելի է անել և նույն երկարատևությամբ ճանապարհ ունենալ, իհարկե, դա մեծ պլյուս է»,- ասաց Ս. Տեր-Հարությունյանը:
Հայաստանում ամեն տարի ճանապարհներ են կառուցվում, հսկայական գումարներ են ծախսվում ճանապարհաշինության վրա, և չնայած այդ ամենին՝ կարճ ժամանակ անց ասֆալտապատված այդ ճանապարհները շարքից դուրս են գալիս: «Մի օրինակ կբերեմ. «Միկա ցեմենտ» գործարանում, երբ մոտ 2 տարի առաջ առաջարկեցինք ասֆալտապատման մեր տեխնոլոգիան, մեր առաջարկը նրանց էժան և կասկածելի թվաց, սակայն մենք երաշխիքներ տվեցինք և պայմանագրով սկսեցինք կառուցել այդ ճանապարհը: Այսօր արդեն կարող եմ ասել, որ 2 շաբաթ առաջ գործարանի հիմնական տնօրենից մեզ շնորհակալագիր են ուղարկել, քանի որ, ըստ գործարանի տնօրենի՝ ինքը 10 տարիների ընթացքում չէր տեսել նման բան, որ ասֆալտը դիմանա իրենց մոտ ձմեռային էքստրեմալ իրավիճակներում»,- ասաց Ս. Տեր-Հարությունյանը:
Ճանարհաշինության նոր տեխնոլոգիայի ու հատկապես Հայաստանում իր տեսակի մեջ յուրահատուկ «խելացի» սարքավորման հետ կապված մանրամասները՝ տեսանյութում: