Գյուղնախարարությունը զգուշացնում է՝ սպասվում է ցրտահարության վտանգ
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հայտնում է, որ անցած գիշեր հանրապետության հարթավայրային և նախալեռնային գոտու որոշ տարածաշրջաններում հողի մակերևույթին գրանցվեցին բացասական ջերմաստիճաններ: Առաջիկա գիշերը նույնպես պահպանվում է ցրտահարության վտանգը, ուստի ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հորդորում է նշված տարածաշրջանների գյուղացիական տնտեսություններին հնարավոր վնասը կանխելու նպատակով այգիները, բանջարանոցներն ու կարտոֆիլի ցանքերը առատ ոռոգել կամ պատրաստել կիսաչոր բուսական մնացորդների, աթարի և այլ հնարավոր նյութերի կույտեր` տեղակայելով դրանք քամու ուղղությամբ և ջերմաստիճանի 0-ին մոտենալու դեպքում այրել այնպես, ոպեսզի պաշտպանվող տարածքը ամբողջությամբ պատվի կայուն ծխածածկույթով:
Նշված միջոցառումների պատշաճ ձևով կատարելու դեպքում հնարավոր է բացառել սպասվելիք բերքի կորուստը:
Նշենք նաև, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանն այսօր հրավիրել էր հրատապ խորհրդակցություն` նվիրված անցած գիշեր եղանակային կտրուկ փոփոխության հետևանքով հանրապետության հարթավայրային և նախալեռնային գոտու առանձին տարածաշրջաններում արձանագրված ցրտահարության դեպքերի գնահատմանը և առաջիկա գիշերվա ընթացքում սպասվող վտանգի կանխարգելման միջոցառումներին: