Պետք է ներողություն խնդրել հայերից. Star
Թուրքական Star թերթում հրապարակվել է լրագրող Հասան Ալբայրաքի «Պետք է ներողություն խնդրել հայերից» խորագրով հոդվածը, որում ասվում է. «Այսօր ապրիլի 24-ն է. մեր հայ քաղաքացիների համար սգո օր է, 1915 թվականին վերապրած դաժան ցավի հիշատակման օր է: Մեր պատմության մեջ դա ամոթալի էջ է: Մենք կիսում ենք նրանց ցավը: Ասում են, իսկ նրանք կիսո՞ւմ են մեր ցավը: Յուրաքանչյուր մարդ պատասխանատու է սեփական մարդկության համար:
2015 թվականին Հայկական լոբբին ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ոտքի է հանելու ողջ աշխարհը: Դրա հետ կապված՝ պետք է այսօրվանից սկսած միջոցներ ձեռնարկել: Հայկական լոբբիին չեզոքացնելու համար սրան-նրան և հատկապես Հրեական լոբբիին գումար տալուն թիվ ու համար չի լինի: Անհամար թվով գումարներ պետք է վճարենք նաև մինչև 2015 թվականը:
Մեր վարչապետն ու նախագահն ասում են, թե հայկական ջոկատները, ռուսների հետ համագործակցելով այնպիսի սպանդ են իրականացրել, որ մուսուլմաններն էլ իրենց ցասումը թափել են նրանց վրա: Ասում են, թե արդյոք հայկական կողմը մուսուլմաններին պատճառած դժբախտությունների համար ներողություն խնդրե՞լ է, մտածե՞լ է փոխհատուցում վճարելու շուրջ:
Սա նրանց խնդիրն է, մենք 1915 թվականին անմեղ հայերին ցեղասպանության աստիճանի դժբախտություն պատճառելու համար ներողություն ենք խնդրում և հայտարարում ենք, որ պատրաստ ենք նրանց փոխհատուցում վճարել:
Մենք պատրաստ ենք հայ ազգի ներկայացուցիչների հետ միասին քննարկել այդ փոխհատուցման չափը և թե ում և ինչպես է վճարվելու այն: Եթե Հայաստանի Հանրապետությունն ազատի Ադրբեջանի տարածքները, ապա մենք պատրաստ ենք փոխհատուցում վճարել նաև նրան:
Մենք պետք է ներողություն խնդրենք նաև (1955 թվականի) սեպտեմբերի 6-7-ին քեմալականների իրականացրած ջարդի համար և փոխհատուցում վճարենք զոհված հույների երեխաներին, թոռներին: Բնականաբար, մենք չպետք է մոռանանք նաև ունեցվածքի հարկի (1942) ահաբեկչության զոհերին:
Մենք պետք է ներողություն խնդրենք PKK-ի հարցում զոհված մեր 30-40.000 քաղաքացիների համար՝ առանց որևէ տարբերություն դնելու, թե ով որ կողմից է սպանվել: Ինչ էլ որ պատահել է, եղել է պետության գործած սխալների պատճառով: Անխտիր պետք է փոխհատուցում ստանան պետության բոլոր զոհերը:
Այս բոլոր փոխհատուցումների ծավալը կարող է կազմել 5-10 միլիարդ դոլար, այդ գումարը պետք է հատկացվի աստիճանաբար: Մի՞թե չարժե գնալ դրան, որպեսզի Թուրքիան ողջ մարդկության համար վերածվի արդարության կղզու»: