Բաժիններ՝

Որքան և որ սննդամթերքի ներմուծումն է արգելվել Հայաստան

2013թ. հունվար-մարտ ամիսներին Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից արգելվել է Արգենտինայից՝ 25.000 կգ կարագի, Իրանից՝ 21.000 կգ մարգարինի ներմուծումը Հայաստան: Այս մասին մեր գրավոր հարցմանն ի պատասխան` տեղեկացրեց ծառայության աշխատակազմի ղեկավար Հովհաննես Գևորգյանը:

Վերջինիս խոսքով՝ 2012թ. ընթացքում խախտման 16 դեպք է արձանագրվել: «2012 թվականին հայտնաբերված խախտումների պատճառով արգելվել է 10 ընկերությունների կողմից սննդամթերքի ներմուծումը Հայաստան: Արձանագրված խախտումների հետևանքով 2012 թվականին արգելվել է Իտալիայից՝ շոկոլադի, 13,5 կգ պանրի, 19 կգ ծովամթերքի, 10.3 կգ մսամթերքի և 318,75 կգ չիպսի, Գերմանիայից՝ 17,92 կգ սառեցված լոշիկի կիսապատրաստուկի, Բուլղարիայից՝ 54 կգ չոր ապուրի և 8,0 կգ բանջարեղենային չոր ապուրի, Իրանից՝ 120 կգ նաբաթ շաքարի և 17.280 կգ տոմատի մածուկի, ԱՄՆ-ից՝ 9 կգ համային հավելումների և 8,8 կգ սննդային ներկանյութերի, Ֆրանսիայից՝ 48.541 կգ տավարի տոտերի, ԱՄՆ-ից՝ 153 կգ գետնանուշի կարագի, Վիետնամից՝ 20160 կգ չիլիի սոուսի (կետչուպ) ներմուծումը»,- ասաց նա: Հարցին, թե ո՞ր ընկերություններին է արգելվել նշված սննդամթերքը ներմուծել Հայաստան, Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի ղեկավարը պատասխանեց. «Նկատի ունենալով, որ տվյալ դեպքում դրանց անվանումներն իրենցից առևտրային արժեք են ներկայացնում՝ դրանք չենք կարող հրապարակել»:

Պատասխանելով հարցին՝ ի՞նչ են արել այդ ընկերություններն ապրանքները, որոնք ներմուծման ենթակա չեն եղել, Հովհաննես Գևորգյանը պատասխանեց. «Տնօրինումն արգելված բեռի պետական հսկողության արդյունքներով` վտանգավորության մասին լաբորատոր փորձարկումների եզրակացության առկայության կամ բեռի անվտանգությունը հավաստող այլ փաստաթղթերի բացակայության դեպքում` բեռը ենթակա է ոչնչացման կամ օգտահանման Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, կամ վերաարտահանման` «Վերաարտահանում» մաքսային ռեժիմով: Ոչնչացման կամ օգտահանման կամ վերաարտահանման, դրա հետ կապված բեռի փորձաքննության, փոխադրման, պահպանման ծախսերը կատարվում են բեռի տիրոջ կողմից: Ուստի բեռի տերն իրավասու է ինքնուրույն որոշելու՝ բեռը վերաարտահանի՞, ոչնչացնի՞, թե՞ օգտահանի գիտականորեն հիմնավորված եզրակացության առկայության դեպքում: 2013 թվականին ներմուծումն արգելված բեռների համար ներմուծող ընկերություններն արդեն դիմել են ծառայությանը, և նրանց թույլատրվել է օգտահանել բեռը և օգտագործել այլ նպատակների համար»:

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի ղեկավարի խոսքով՝ ծառայությունը փաստաթղթեր է տրամադրում ներմուծող ընկերություններին, իսկ առանց այդ ուղեկցող փաստաթղթերի` բեռը չի մաքսազերծվում. բեռի չմաքսազերծման դեպքում այն շուկայահանման ենթակա չէ:

Կարդացեք նաև

«Ծառայության կողմից իրացման ցանցում պարբերաբար իրականացված մշտադիտարկումների կամ ստուգումների արդյունքում մինչ օրս վտանգավոր ճանաչված սննդամթերքի վերոնշյալ խմբաքանակների՝ խանութում հայտնվելու դեպք չի արձանագրվել»,- պատասխանելով հարցին՝ ի՞նչ միջոցառումներ է ձեռնարկում Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը պահանջներին չհամապատասխանող բուսական և կենդանական մթերքների վաճառքը կամ օգտագործումն այլ սննդամթերքի պատրաստման մեջ կանխելու համար, ասաց Հովհաննես Գևորգյանը:
«168 ԺԱՄ»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս