1915 թվականի տեղահանման ժամանակ զոհվել է 800.000 հայ. Թաներ Աքչամ

Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ՝ թուրք պրոֆեսոր, «Երիտթուրքերի հանցանքը մարդկության դեմ» գրքի հեղինակ Թաներ Աքչամը և հայտնի հայատյաց, Թուրքիայի պատմագիտական ընկերության նախկին նախագահ Յուսուֆ Հալաչօղլուն ապրիլի 24-ին ընդառաջ գնահատական է տվել 1915 թվականի իրադարձություններին (Հայոց ցեղասպանությանը):

Թուրքական լրատվամիջոցը նշել է. «Նախկինում մեզ հայտնի էր միայն ապրիլի 23-ը (Թուրքիայում այդ օրը նշում են որպես Երեխաների տոն և Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ) հիմնադրման (1920) օր, ընդհանուր առմամբ՝ Ազգային ինքնիշխանության ու երեխաների տոն – 168.am), մեզ համար դրա հաջորդ օրը սովորական օր էր:

Մինչդեռ ներկայումս մեր կյանքում ապրիլի 24-ը տեղ է զբաղեցրել որպես Հայկական հարցի հիշատակման օր: Հայկական լոբբին տենդագին պատրաստվում է 2015 թվականին՝ տեղահանության 100-րդ տարելիցին և այդ խորհրդանշական տարում Թուրքիայի դեմ ծավալելու է ինտենսիվ միջազգային կամպանիա: Այդ կապակցությամբ Թուրքիայի անելիքների հարցերում տարբեր դիրքորոշումներով են հանդես եկել Թաներ Աքչամն ու Յուսուֆ Հալաչօղլուն:

Վերջինս ընդգծել է, որ Թուրքիայում կամաց-կամաց ի հայտ են գալիս ծպտյալ հայերը, և որ Թուրքիային անհրաժեշտ է շատ ուշադիր լինել տվյալ խնդրի նկատմամբ: Աքչամն իր հերթին անհրաժեշտ է համարել Հայկական հարցը փոխարինել Թուրքական հարցով:

Աքչամը հավելել է, որ «Տեղահանման տետրի» համաձայն, Թալեաթ փաշայի հրամանով Օսմանյան կայսրությունում տեղահանվել է 924.158 հայ, սակայն դրանում ներառված չէ մի շարք վայրերից տեղահանված հայերի քանակը.

«Եթե հաշվի առնենք նաև դա, ապա տեղահանված հայերի քանակը կկազմի 1.2 միլիոն մարդ: Տեղահանման ժամանակ զոհվել է 800.000 հայ:  2015 թվականի հետ կապված՝ չեմ կարծում, թե ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան ու Իսրայելը փոխեն իրենց դիրքորոշումները՝ եթե Թուրքիայի արտաքին քաղաքականությունում չգրանցվի լուրջ փոփոխություն:

2015 թվականի հետ կապված՝ ես հուսով եմ և մեծապես ցանկանում եմ, որ Թուրքիան ձերբազատվի Ադրբեջանի հանդիմանություններից: Քանի դեռ Թուրքիայի հայկական քաղաքականությունը կանխորոշում է Ադրբեջանը, նրան գերի դարձած Թուրքիան չի կարող լուծել ոչ մի հարց:

Թուրքիան պետք է ամենից առաջ վերջ դնի այն ամոթին, որ իր մոտից Հայաստան թռիչքներ իրականացնելու հարցում անգամ չկարողացավ վերջ դնել Ադրբեջանից թույլտվության ստացմանը: Հայտնի է, որ 2009 թվականին Հայաստանի հետ կնքված արձանագրությունները չեղյալ հայտարարվեցին Ադրբեջանի ճնշման ու Թուրքիայի միակողմանի դիրքորոշման հետևանքով:

2015 թվականին անհրաժեշտ է վերակենդանացնել այդ արձանագրությունները, ինչը լավ մեկնարկ կհանդիսանա քաղաքական տեսանկյունից: Թուրքիան շատ համարձակ քայլեր է կատարում Քրդական հարցի լուծման ուղղությամբ, հուսով եմ, որ նույնը կանի նաև Հայոց ցեղասպանության հարցում:

Սակայն ինչպես ասացի, նախ անհրաժեշտ է Հայաստանի նկատմամբ քաղաքականությունում վերացնել Ադրբեջանից ունեցած կախվածությունը: Անհրաժեշտ է անսալ հայերին, որոնք տասնյակ տարիներ տառապում են ժխտողական քաղաքականությունից: Այդ ժամանակ էլ մենք կարող ենք խոսել այդ ցավի բուժման շուրջ»»:

Տեսանյութեր

Լրահոս