Մանասերյանը կրկին բանավեճի է հրավիրել Բագրատյանին
Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը նոր ձևավորված կառավարությունից մեծ փոփոխություններ չի ակնկալում: Տնտեսագետն ուրախ կլիներ, որ կառավարությունը գոնե իր գործելաոճը փոխեր` ավելի քիչ մնալ կաբինետներում, և ավելի շատ շփվել մարդկանց հետ: Եթե Արտակարգ իրավիճակների նախարարությունն, ըստ տնտեսագետի, կարող էր օրինակ ծառայել մյուսների համար, վիճակն այլ է մյուս նախարարություններում: Այս մասին գրում է A1plus.am-ը։ «Էկոնոմիկայի, Գյուղատնտեսության և Արտաքին գործերի նախարարությունները գրեթե մասնակցություն չունեն մեր տնտեսության զարգացման գործին»,- արձանագրել է տնտեսագետը:
Թաթուլ Մանասերյանը հայտարարել է, թե ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանի մասնագիտական բանավեճի է հրավիրել` առանց քաղաքական երանգների, որին հակված է պարոն Բագրատյանը, բայց վերջինս մերժել է: «Կարծում եմ այստեղ նկատվում է բարեկրթության և համարձակության որոշակի դեֆիցիտ: Երեք հեռուստաընկերությունների կողմից հրավերներ են եղել, որից նա դարձյալ հրաժարվել է»,- ասել է տնտեսագետը:
Թաթուլ Մանասերյանը Հրանտ Բագրատյանին մեղադրում է գրագողության և սուտ խոսելու մեջ: «Երբ մարդուն ասում ես` դու սուտ ես խոսում և մասնագիտական տեսանկյունից խիստ անհեթեթ մտքեր ես արտահայտում և նա խուսափում է մասնագիտական հարթության վրա քննարկել, դա խոսում է նրա ինքնասիրության մասին»,- ասել է պարոն Մանասերյանը:
Հրանտ Բագրատյանը մի անգամ Թաթուլ Մանասերյանիին հրավիրել է բանավեճի` ֆեյսբուքի գրառման միջոցով: «Դրանից կարելի է պատկերացում կազմել մարդու հոգեկան վիճակի մասին: Իրեն թվում է, թե ամբողջ աշխարհը սպասում է, թե մեգաաստղը երբ է ֆեյսբուքում գրառում կատարելու: Եվ կեսգիշերին գրած գրառումով առավոտյան հրավիրում է բանավեճի: Պատկերացնում եք չէ, թե որքան լուրջ է դա»,- ասել է Թաթուլ Մանասերյանը: