Բաժիններ՝

«Իմ ապրուստը ձեռքիցս խլում ես, անունը դնում ես` հանրային գերակա շահ»

Քաղաքացի Վահան Ամիրխանյանը «Թեղուտ» ընկերությունից պահանջում է հեռացնել Շնող գյուղում գտնվող իր հողամասերի շուրջ արված պարիսպը:

Մեզ հետ զրույցում վերջինս ներկայացրեց իր բողոքի պատճառները: Քաղաքացին նախ պատմեց, որ ինքը ծնունդով Շնող գյուղից է, այնտեղ հողամասեր ունի, սակայն այժմ ապրում է Երևանում: 2007-ին ՀՀ կառավարության որոշումով` Լոռու մարզի Շնողի և Թեղուտի գյուղական համայնքների վարչական սահմաններում գտնվող ընդհանուր առմամբ 81,483 հա հողի նկատմամբ ճանաչվել է բացառիկ գերակա հանրային շահ: Վահան Ամիրխանյանին պատկանող 0.218 հա մակերեսով վարելահողը ևս ընդգրկված է բացառիկ գերակա հանրային շահ ճանաչված տարածքների ցանկում:

«Մինչ կառավարության որոշումն ինձ առաջարկ է արվել հողերը վաճառելու, հանքերը բացելու կապակցությամբ: «Թեղուտ» գրուպի ներկայացուցչի հետ հանդիպման ժամանակ հարցրի` ի՞նչ գնով են ցանկանում գնել հողամասերը: Ասաց, որ 1 հա-ն գնում են 1000-1200 ԱՄՆ դոլարով: Չհամաձայնեցի, ասացի, որ ես այդ գնով հող չեմ վաճառում: Ասաց, որ երբ կառավարության որոշումը լինի. ուզած-չուզած հողը պիտի տամ»,- պատմեց Վահան Ամիրխանյանը: Նրա խոսքով` դրանից հետո ինքը ստացել է կառավարության համապատասխան որոշումն այն մասին, որ իր հողի նկատմամբ գերակա հանրային շահ է ճանաչվել: «Թեղուտ» ընկերության կողմից նամակ ստանալուց հետո նա ևս մեկ անգամ հանդիպել է ընկերության ներկայացուցիչների հետ. «Հանդիպման ժամանակ ասացին, որ 1քմ-ի համար վճարում են 43 դրամ: Հարցրեցի, թե ինչպե՞ս են այդ գնով ցանկանում հող գնել: Պատասխանեցին, որ հրավիրել են անկախ գնահատող` «Օլիվեր» գրուպ, որը հողն այդքան է գնահատել: Ասացի, որ ես այդ գնով հող չեմ տա: Նրանք էլ ասացին, որ հարցը պետք է դատական կարգով լուծվի: Դրանից հետո իմ բնակության հասցեով՝ Սուվորովի 21, ծանուցագիր եկավ, որ ներկայանամ դատարան: Ընդ որում, ես ապրում եմ այստեղ, իսկ դատը կայանում է Ալավերդիում: 200 կմ ճանապարհ եմ կտրել-անցել, հասել դատարան:

Դատարանում հարց ուղղեցի, թե ինչո՞ւ են իմ հողն այդքան գնահատել: Սկսեց ներկայացնել, թե ինչքան դժվար է հողից եկամուտ ստանալը: Ես ասացի, որ հողից եկամուտ ստանալը դժվար չէ: Իմ հողը վարելահող է: Ես 20 հազար դրամ տալիս եմ այն վարելու համար, 20 հազար դրամ` ցանելու համար, 20 հազար դրամ էլ` հնձելու համար: 40 հազար դրամն էլ հաշվում եմ չնախատեսված ծախսերի համար: Տարվա ավարտին 5 տոննա ցորեն եմ ստանում: Դա վաճառելով` ես ստանում եմ 600 հազար դրամ: Ստացվում է, որ տարեկան 500 հազար դրամ մաքուր եկամուտ եմ ստանում»:

Կարդացեք նաև

Վահան Ամիրխանյանի խոսքով` ինքը դատական նիստի ընթացքում առաջարկել է «Թեղուտ» ընկերության գործունեությանը մասնակցել, սակայն իրեն պատասխանել են, որ այդ գործունեությունը մեծ ռիսկերի հետ է կապված: Վահան Ամիրխանյանը նաև պատմեց, որ դատական նիստի ընթացքում իրեն այդպես էլ չեն ներկայացրել` ինչ հիմքով է իր հողի գինը որոշվել. միայն պարզել է, որ հողից անալիզներ չեն վերցրել. «Դատական նիստի ընթացքում հայցվոր կողմն ասաց, որ նույն ընկերությունը վերագնահատել է հողի արժեքը, պարզվել է, որ այնտեղ բերքատու ծառեր կան` 20 ծիրաններ, որոնց ընդհանուր արժեքը գնահատվել է 18 հազար դրամ: Դա` այն դեպքում, երբ ծիրանի 1 տնկին 1000 դրամ արժե»:

Վահան Ամիրխանյանին առաջարկել են գյուղի այլ մասում հողատարածք տրամադրել, սակայն, վերջինիս խոսքով, ինքը չի համաձայնել. այդ տարածքն անջրդի է եղել: «Դրանից հետո ասացին, որ ինձ այլևս դատի չկանչեն և վճիռն ուղարկեն: Երկրորդ անգամ իմ հասցեով ծանուցագիր ուղարկելուց հետո դատարան չգնացի: Օրերից մի օր գյուղ գնացի, մայրս ասաց, որ ինձ Ալավերդուց նամակ են ուղարկել: Նամակը բացեցի, տեսա, որ վճիռն էր: Վճռի բողոքարկման ժամկետն անցել էր»,- պատմեց քաղաքացին:

Վերջինս կարծում է, որ վճիռն ուղարկվել է Շնող հատուկ նպատակով. «Պետական լծակներ օգտագործելով` իմ ունեցածն իմ ձեռքից խլում են»: (Դատարանը վճռել էր Վահան Ամիրխանյանին պատկանող 0,218 հա հողամասը` 119.600 դրամ գումարի փոխհատուցմամբ, իսկ 0,607 հա հողամասը` 395.600 դրամ գումարի փոխհատուցմամբ օտարել «Թեղուտ» ՓԲԸ-ին, պարտավորեցնել «Թեղուտ» ՓԲԸ-ին Թումանյանի տարածքային նոտարի դեպոզիտ հաշվին փոխանցել համարժեք փոխհատուցման ենթակա գումարի պակասող մասերը):

Վահան Ամիրխանյանը պատմեց, որ վերջին անգամ գյուղ այցելելիս տեսել է, որ իր հողամասերը փշալարերով անջատված են տարածքից.

«Ինձ ասել են, որ իմ անունով գնահատել են, բանկում գումար կա, այդ գումարը ստացի՛ր: Հնարավոր է, որ դա էլ կորցնես: Կորցնեմ՝ կորցնեմ, խնդիր չկա: Այդ գումարը ես չեմ ստացել, իմ հողն իրենց չեն հանձնել: Իմ հողն այսօրվա դրությամբ վերցրել, փշալարերով փակել են: Ապամոնտաժված է նաև ոռոգման նպատակով քաշված համայնքային նշանակության խողովակաշարը: Գյուղապետարան նամակ եմ գրել: Այնտեղից ինձ պատասխանել են, որ այդ հողերն այլևս իմը չեն, այդ հողերը պատկանում են «Թեղուտ» գրուպին: Ես ասել եմ, որ ինձ նամակը գրավոր ուղարկեն: Ես պահանջում եմ, որ փշալարերից իմ հողն ազատեն ու ինձ հնարավորություն տան` ես իմ գործունեությունը շարունակեմ: Ստացվում է, որ տնտեսվարող սուբյեկտը ցանկություն է հայտնել գնել հողը, ինքը գինը որոշել է, առանց ինձ մարդ է բերել, գնահատել են, ու դատարանի վճռով` այս հողս արդեն անցել է իրենց: Ես էլ ի՞նչ անեմ»:
Վահան Ամիրխանյանն ասում է, որ պատրաստվում է դիմել բոլոր այն պաշտոնատար անձանց, ովքեր կարող են հարցին այս կամ այն կերպ լուծում տալ:

Նա կարծում է, որ անիմաստ է դատարան դիմել. համոզված է, որ այն հօգուտ իրեն վճիռ չի կայացնի. «Այսօրվա դրությամբ դու իմ ապրուստը ձեռքիցս խլում ես, անունը դնում ես` հանրային գերակա շահ»:
«Հիմա, երբ գնում եմ գյուղ, պետք է հետս խմելու ջուր տանեմ, որովհետև այնտեղ որ սկսել են անտառներում աշխատանք անել, մաքուր ջուր չես կարող գտնել: Ջրերը հիմնականում սարերից են գալիս: Մայրս մեծ ամանով ջուրը դնում է, նստվածքը, տիղմը մի քիչ իջնում է՝ նոր է օգտագործում: Դա է եղել մորս շահած գերակա շահը` որպես հանրության անդամ»,- ասաց Վահան Ամիրխանյանը:

«168 ԺԱՄ»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս