Բոստոնի պայթյուններն իրականացրածները չեչեններ են. մամուլ
Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բոստոնի պայթյունների իրականացման կասկածյալները Ռուսաստանի քաղաքացիներ են, որոնք ԱՄՆ են ժամանել Չեչնիայի հարևանությամբ հյուսիսկովկասյան շրջանից: Այս մասին գործակալությանը հայտնել են հետաքննությունում նրա աղբյուրները:
Այդ տեղեկատվության համաձայն՝ երկու ենթադրյալ ահաբեկիչներն ԱՄՆ-ում ապրում են մեկ տարուց ավելի: NBC News-ի անանուն աղբյուրները հայտնել են, որ նրանք եղբայրներ են, և ԱՄՆ են ժամանել Չեչնիայից: Նրանցից մեկն արդեն իսկ սպանվել է ոստիկանության հետ փոխհրաձգության ժամանակ:
CNN-ի տվյալներով՝ մահվան պահին նրա վրա եղել է մահապարտ-ահաբեկչի գոտի: The New York Times-ի տվյալներով՝ սպանվածի անունը Թամերլան Ցարնաև էր: Նա 26 տարեկան էր: Նրա եղբոր անունը Ջոհար Ցարնաև է: Նա 19 տարեկան է:
CBS News-ն իր հերթին հայտնում է, որ կասկածյալները կարող են լինել նաև Թուրքիայի քաղաքացիներ, որոնք մշտական բնակություն են հաստատել ԱՄՆ-ում: Ոստիկանությունը պաշտոնապես չի մեկնաբանել այս ամենը: