Ընդդիմադիրները պայքարում են ՀՀԿ-ի՞, թե՞ միմյանց դեմ
«Բոլորի քննադատության թիրախը Հանրապետական կուսակցությունն է, և դա բնական է: Ժողովրդական ասացվածք կա՝ պտղատու ծառի վրա են քար գցում: ՀՀԿ-ն՝ ի դեմս ավագանու իր թեկնածու՝ Տարոն Մարգարյանի, առանձնացել է: Բոլորը փորձում են քարկոծել և սևացնել՝ դրանով ընդգծելով մեր թեկնածուին»,-այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը:
Նա համոզված է, որ ՀՀԿ ցուցակը գլխավորող, ներկայիս քաղաքապետ Տարոն Մարգարյանին երևանցիներն իսկապես սիրում են: Այսպիսի եզրահանգման ՀՀԿ-ական պատգամավորը եկել է նաև հետևելով ՀՀԿ-ի քարոզարշավին: «Տարոն Մարգարյանի հանդեպ ժողովրդի սերը բերեց նրան, որ ՀՀԿ-ի ցուցակն ինքը գլխավորի»,-նշեց ՀՀԿ խմբակցության քարտուղարը:
Հովհաննես Սահակյանի դիտարկմամբ, ընդդիմադիր դաշտում երկրորդ տեղի պայքար է գնում: Նա ասաց, որ բոլորն ականատես եղան, թե ինչպես «Ժառանգությանը» ընդդիմադիրները խոյահարեցին, իսկ վերջինս սկսեց պաշտպանվել: Նրա խոսքերով, ընդդիմադիր դաշտում տիրող իրավիճակը ձեռնտու չէ նաև իշխանություններին, քանի որ ժողովուրդը հերթական անգամ կարող է հիասթափվել ընդդիմության պահվածքից: «Մենք տեսնում ենք, որ ընդդիմադիր դաշտում , մեղմ ասած, կան խնդիրներ, և ընդդիմադիր հատվածում ձայներ վերցնելու լուրջ խնդիր կա: Դրա համար ջանք չեն խնայում նախ իրենք իրենց սևացնելու , ինչու չէ՝ նաև քաղաքային իշխանություններին քննադատելու, սակայն այդ քննադատությունները հիմնավորումներից զուրկ են: Դրանք ընդամենը իրավիճակի որոշակի խոսք են, որպեսզի ընդգծեն իրենց ընդդիմադիր լինելը» ,-նշեց Հովհաննես Սահակյանը: Նա նկատեց, որ ՀՀԿ-ին քննադատելու միջոցով ընդդիմադիր զանգվածի ձայները ստանալու խնդիր է փորձում լուծել նաև կոալիցիոն գործընկեր «Օրինաց երկիր» կուսակցությունը: «Ընդդիմադիր հատվածից ձայներ վերցնելու առումով ՕԵԿ-ի կողմի ց հնչում է քննադատական խոսք, որը ընդամենը որոշակի, այդ պահին խնդիր լուծելու համար է արվում»,-ասաց Հովհաննես Սահակյանը:
Նա նշեց, որ Երևանի ընտրություններն իրենք, այնումենայնիվ, համարում են ՏԻՄ ընտրություններ՝ ի տարբերություն այլ քաղաքական ուժերի, այդ պատճառով խոսում են միայն այն խնդիրների մասին, որոնք վերաբերում են բացառապես մայրաքաղաքին: «Եթե մենք լսենք մեր գործընկերների քարոզարշավը, մենք կարող են տեսնել, որ ռեալ դաշտից կտրված են: Օրինակ՝ հնչում են այսպիսի արտահայտություններ՝ եթե ես լինեի Երևանի քաղաքապետ, ապա հայ-թուրքական խնդիրները միանգամից կլուծվեն, ԱՄՆ-ու Թուրքիան ճանաչելու են ցեղասպանությունը և այլն: Սա մի փոքր ռեալ դաշտից չէ»,-կարծիք հայտնեց ՀՀԿ-ական պատգամավորը: