ՀՀԿ-ի պատասխանը ԲՀԿ-ին. Ավագանին ԲՀԿ-ի վերջին հանգրվանն է, իրենց վերջին նավահանգիստն է քաղաքականության մեջ

«Այն թիմը, որը կձևավորվի արդեն իսկ նշանակված վարչապետի կողմից, իրենց առջև կունենան այն կարևորագույն խնդիրները, որոնց մասին խոսեց երկրի նախագահը երդմնակալության արարողության ժամանակ և համարեց գերակա: Այն փոփոխությունները և ակնկալիքները, որ մենք ունենք և դրանք բավական մեծ են, առաջիկա առնվազն վեց ամիսների ընթացքում կտեսնենք»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Աժ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը:

Լրագրողների այն դիտարկմանը, թե Տիգրան Սարգսյանի վերանշանակումը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից դժգոհության տեղիք է տվել, Հովհաննես Սահակյանն ասաց, թե դա արդեն ԲՀԿ-ի խնդիրն է, քանի որ ՀՀԿ-ն, ունենալով մեծամասնություն, ընդամենն օգտագործել է Սահմանադրությամբ իրեն վերապահված իրավունքը:

Ըստ նրա՝ ԲՀԿ-ի կողմից քննադատություններից զատ, պետք է լինեն նաև հիմնավորումներ և ասելիքներ: «Եթե սա դիտարկենք որպես զուտ պաշտոնակռիվ, ես կդիտարկեի այլ հարթության մեջ, բայց այս պահին դեռևս նման ցանկություն չունեմ: Որպես երկու անգամ համապետական հաղթած քաղաքական թիմ՝ նախևառաջ պետք է ունենանք և ունենք մեր պահաջները, և խաղի կանոնները մենք ենք թելադրում: Եթե որևէ մեկը այդ տրամաբանության մեջ կտեղավորվի, մենք խնդիր չունենք ոչ երկխոսության, ոչ կոալիցիայի, ոչ էլ համախմբման առումով»,- նշեց ՀՀԿ-ական պատգամավորը:

168.am-ի այն հարցին, թե հնարավո՞ր է՝ Տիգրան Սարգսյանի վերանշանակումից հետո էլ ավելի սրվեն ԲՀԿ-ի հետ հարաբերությունները, Հովհաննես Սահակյանը պատասխանեց, թե իրենք ԲՀԿ-ի հետ կոալիցիայում են եղել, հետո իրար չեն հասկացել, հիմա էլ քաղաքական տարաձայնություններ ունեն, բայց պատրաստ են նախկին գործընկերոջը բացատրել, թե ինչ են ուզում և ինչու:

Կարդացեք նաև

«Եթե իրենք ինչ-ինչ պատճառներով չեն մասնակցել նախագահական ընտրություններին և ավագանին իրենց վերջին հանգրվանն է, իրենց վերջին նավահանգիստն է քաղաքականության մեջ, թող փորձեն այդ ամեն իրականացնել ավելի քաղաքակիրթ: Այլապես մեր հասցեին արված որևէ քննադատություն անպատասխան չի մնալու»,- այսպիսի պատասխան տվեց ԲՀԿ-ին ԱԺ ՀՀԿ խմբակցության քարուղարը:

Տեսանյութեր

Լրահոս