Հայոց ցեղասպանության ճանաչման կոչը բացասաբար է ընդունվել վրացի պատգամավորների կողմից
Ռուսական Regnum լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ վրացական հասարակական կազմակերպություն «Հերակլ 2» համայնքի ղեկավար Արչիլ Չկոիձեն իր զարմանքն է արտահայտել մի շարք ՀԿ-ների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման կոչով Վրաստանի խորհրդարանին դիմելուց հետո վրացի մի շարք քաղաքական գործիչների արձագանքի կապակցությամբ:
Չկոիձեն հավելել է, որ այդ հարցում բացասական մեկնաբանություններ են ստացվել թե՛ խորհրդարանական փոքրամասնության, թե՛ իշխող դաշինքի ներկայացուցիչների կողմից.«Հիշեցնում եմ պարոն Շոթա Մալաշխիային (Միասնական ազգային շարժում կուսակցության անդամ), որ «ինչ-որ 1915 թվականը» ժողովրդավարական աշխարհի մեծ մասի կողմից ճանաչվել են որպես Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի հանդեպ իրագործված ցեղասպանություն:
Դա աշխարհի այն մասն է, որի մասին նաև այսօր մեզ այդքան պնդում են Միասնական ազգային շարժումն ու նրա առաջնորդները: Պարոն Շոթային չի զարմացրել Վրաստանի խորհրդարանի կողմից չերքեզների ցեղասպանության ճանաչումը, որն ունեցել է միայն մեկ նպատակ. զայրացնել Ռուսաստանին, սակայն նրան զարմացնում է հայ ժողովրդի ցանկությունը, որպեսզի հարևան, բարեկամական երկիրը ճանաչի 1915 թվականի ցեղասպանությունը:
Ինձ զարմացրել է նաև իշխող «Վրացական երազանք» դաշինքի կազմում գտնվող Հանրապետական կուսակցության առաջնորդներից Լևան Բերձենիշվիլիի արձագանքը, որն առանձնանում է բարձր ինտելեկտով և նրան հարիր չէ նմանատիպ էժանագին փաստարկներ բերելը:
Բերձենիշվիլին տեղյակ է, որ հայ ժողովրդի ցեղասպանությունը ճանաչել են Ֆրանսիան, Շվեյցարիան, Գերմանիան, ԱՄՆ-ի 48 նահանգներ, Եվրոպայի բազմաթիվ երկրներ, և մեծ մասն այդ իրադարձությունը որակել է որպես ցեղասպանություն: Դրա համար էլ պետք չէ զարմանալ, որ վիրահայերը, որոնք Վրաստանում մեծությամբ երկրորդ խոշոր համայնքն են (300.000 մարդ), շահագրգռված են դրանում:
Ժամանակն այդ հարցը կդնի օրակարգում և դրական լուծում կտար դրան: 30 տարի առաջ ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ Բաթումում կարող են կառուցել մզկիթ, իսկ այսօր դա չի զարմացնում ոչ ոքի և բավական ակտիվորեն դիտարկվում է Ազիզիե մզկիթի կառուցման հարցը: Հայոց ցեղասպանության ճանաչումը կլինի յուրաքանչյուր կայսերական մտադրության դեմ ևս մեկ բողոք:
Դա ոչ միայն հայերի, այլև՝ համայն մարդկության ցավն է, ինչպես որ Հոլոքոսթի, Հիրոսիմայի ու Նագասակիի պարագայում է: Մենք պետք է միմյանց ասենք, որ դա չպետք է կրկնվի»:
Հիշեցնենք, որ վերջին տարիներին Թուրքիան անփոփոխ հանդիսանում է Վրաստանի թիվ մեկ առևտրային գործընկերը: Վրաստանը նաև ներառված է թուրք-ադրբեջանական էներգետիկ-տրանսպորտային նախագծերում (ԲԹՋ նավթամուղ, ԲԹԷ գազամուղ, ԲԹԿ երկաթգիծ), ինչի պատճառը հայ-թուրքական և հայ-ադրբեջանական սահմանների փակ լինելն է, ինչը Վրաստանին հնարավորություն է տվել իրեն հռչակել որպես «տարանցիկ մարգարիտ»:
Այդ երեք երկրներն անցկացնում են նաև համատեղ զորավարժություններ («Կովկասյան արծիվ») և արտգործնախարարների մակարդակով եռակողմ հանդիպումներ: