Նախարարները մինչ օրս խորամանկե՞լ են

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանը։
Ի կատարումն ՀՀ Նախագահի 2013 թ. գարնանային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու հրամանագրի կառավարությունը զորակոչի ընդհանուր ղեկավարումն ապահովելու նպատակով ստեղծել է հանրապետական զորակոչային հանձնաժողով, զորակոչի անցկացման աշխատանքի համակարգման նպատակով` մարզային (Երևանի քաղաքային) զորակոչային հանձնաժողովներ, հաստատել է կենտրոնական բժշկական հանձնաժողովի կազմը։
Հիմք ընդունելով «Գնումների մասին» ՀՀ օրենքը, ՀՀ կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում, որը վերաբերում է գնումների գործընթացի կազմակերպմանը։ Վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանի դիտարկմամբ այս որոշմամբ կառավարությունն ընդառաջել է բազմաթիվ ՊՈԱԿ-ների և գերատեսչությունների, մասնավորապես, թատրոնների ղեկավարներին, ովքեր թերի էին համարում գնումների ընթացակարգերը, որոնցով իրենք դժվարանում էին գնում կատարել, որովհետև մրցույթների անցկացումը ժամանակի անհարկի վատնում էր։ Եվ ահա որոշմամբ նշված հաստատություններին թույլ է տրվել մինչև մեկ միլիոն դրամ արժողությամբ ապրանք ձեռք բերելու ժամանակ կատարել ուղղակի գնումներ` առանց մրցույթ անցկացնելու։
Հաջորդ որոշմամբ գործադիրը հաստատել է ՀՀ սահմանադրությամբ և ՀՀ օրենքներով նախատեսված պետական կառավարման մարմինների և պետական հիմնարկների կողմից ձեռք բերվող որոշ ապրանքատեսակների տեխնիկական բնութագրերն ու առավելագույն գները։ Այս որոշման վերաբերյալ նույնպես Տիգրան Սարգսյանը մեկնաբանություններ է արել. «Բոլոր նախարարներն իրենց հսկողության տակ են պահելու այս ընթացակարգը, որովհետև սա իրենց անձնական պատասխանատվության խնդիրն է, – ասել է նա։ – ՀՀ ֆինանսների նախարարությունը դուրս է բերել բոլոր այն ապրանքատեսակները, որոնք ամեն տարի մենք ձեռք ենք բերում, կրկնվող ցանկը` գրիչ, ջուր, միս, կարտոֆիլ, վառելիք և այլն։ Հսկող մարմինները հայտնաբերել են, որ շատ հաճախ կրկնվող ապրանքատեսակների ձեռքբերման գինը մրցույթով լինում է ավելի բարձր, քան դուք կարող եք այդ ապրանքը ձեռք բերել խանութում, ինչն անթույլատրելի է, հակառակը պետք է լինի` ավելի էժան, քան խանութում։ Հիմա մենք շատ կոշտ ֆիլտր ենք սահմանում։ Սահմանել ենք բոլոր այդ ապրանքատեսակների տիպերը, որոնցից այն կողմ իրավունք չկա մշտապես կրկնվող այդ ապրանքները գնել։ Եթե դուք ուզում եք ինչ-որ առանձնահատուկ գրիչ առնել կամ առանձնահատուկ թուղթ, պետք է հիմնավորեք դա։ Ինչո՞ւ է կարևոր տիպաբանությունը, որովհետև դրա վրա շատ հաճախ խաբեություն է կատարվում. ասում են, որ այսինչ շտրիխը փոխվեց, դրա համար էլ գինը բարձրացավ, հիմա այդպիսի խորամանկություն այլևս թույլ չենք տալու։ Հսկողությունն էլ լինելու է նախարարների կողմից. գինը պետք է լինի ավելի ցածր, քան այն գինն է, որ մենք այսօր հաստատում ենք։ Սա վերաբերելու է 70-80 տոկոս գնումներին. մենք և մեր հանրությունը պետք է վստահ լինենք, որ այս ապրանքը ձեռք ենք բերում այս պահի դրությամբ մանրածախ գներին համահունչ գներով։
Շատ կոշտ ֆիլտր է, քանի որ արգելում ենք դրանից բարձր գնով ձեռքբերումը և վերահսկողության պատասխանատվությունը դնում ենք նախարարների վրա։
Նախորդ նիստերից մեկում ես հանձնարարեցի, որպեսզի ֆինանսների նախարարությունը հրապարակային դարձնի այն խոշոր ձեռնարկությունների անունները, որոնք 2011 թվականի աուդիտի եզրակացությամբ ունեն լրջագույն թերություններ կամ չունեն աուդիտի եզրակացություն, ինչը նշանակում է, որ նրանց ֆինանսական հաշվետվությունները հավաստի չեն, և մենք այդ տեղեկությունը տրամադրենք նաև մեր հանրությանը։ Ես կարծում եմ ճիշտ կլինի, որ այն ձեռնարկությունները, որոնց ֆինանսական հաշվետվությունները հավաստի չեն, իրավունք չունենան մասնակցելու գնումներին։ Դա պետք է ամրագրել կառավարության որոշումով։
Համանման սկզբունք մենք որդեգրելու ենք նաև առողջապահական ծառայություններից օգտվելու ժամանակ։ Եթե նրանց ֆինանսական հաշվետվությունները թերի են կամ աուդիտորը եզրակացություն է տալիս, որ իր կողմից հրապարակված ֆինանսական հաշվետվությունն ունի լրջագույն թերություններ և այդ հաշվետվությունը չի արտահայտում իրականությունը, մենք այդպիսի խոշոր բուժհաստատություններին նույնպես պետք է սև ցուցակում տեսնենք և նրանց նկատմամբ շատ խիստ լինենք»։
ՀՀ ֆինանսների նախարարությանը հանձնարարվել է այս բովանդակությամբ որոշման նախագիծ ներկայացնել կառավարության քննարկմանը։
Իր նախկին որոշումներից մեկում կատարած փոփոխություններով գործադիրը շարունակել է հարկային մարմնի կառուցվածքի բարեփոխումը` օպտիմալացնելով հարկային մարմնի ստորաբաժանումները և կրճատելով տարածքային հարկային տեսչություններ։

Տեսանյութեր

Լրահոս