
Թեհրանի զորահանդեսում ցուցադրվել է «անտեսանելի» հարվածային անօդաչու ինքնաթիռ

Իրանական Press TV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Իրանը Զինված ուժերի օրը տոնում է զորահանդեսների անցկացմամբ: Այսօր ողջ երկրով մեկ անցկացվել են զորահանդեսներ, որոնցից կենտրոնականն անցկացվել է Թեհրանում:
Իսլամական հանրապետության հիմնադիր այաթոլլահ Խոմեյնիի դամբարանի մոտ անցկացված զորահանդեսի մասնակիցներին ողջունել է երկրի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը: Նա ընդգծել է, որ բանակը կտրուկ զարգացում է ապրում և բարձր գնահատական է տվել զինծառայողների մարտական պատրաստության մակարդակին.
«Ես վստահ եմ, որ մեր զինված ուժերն օրինակ են ծառայում համայն աշխարհի անկախ պետությունների բանակների համար: Առանց ուժեղ բանակի, ոչ մի պետություն էլ չի կարող դիմագրավել արտաքին սպառնալիքներին, պահպանել իր ինքնիշխանությունը:
Պարսից ծոցում ու Հորմուզի նեղուցում Իրանի բանակի ու նավատորմի առկայությունը կարևոր գործոն է տարածաշրջանային անվտանգության ապահովման տեսանկյունից: Տվյալ շրջանում օտար ներկայությունը միայն ապակայունացնում է իրավիճակը»:
Իրանական Fars լրատվական գործակալությունն իր հերթին հայտնել է, որ Թեհրանի զորահանդեսին մասնակցել են ամբողջովին Իրանում մշակված ռազմական տեխնիկայի օրինակներ՝ ինքնաթիռներ, ուղղաթիռներ, «երկիր-երկիր» և «օդ-երկիր» դասի հրթիռներ, հրետանի ու ՀՕՊ-ի միջոցներ, տանկեր, զրահատրանսպորտներ, ինչպես նաև էլեկտրոնային սարքավորում, կապի միջոցներ ու գիշերային տեսանելիության սարքեր:
Առաջին անգամ ներկայացվել է նորագույն «Սարիր» անօդաչու թռչող սարքը (ԱԹՍ): Իրանական զորահրամանատարության պնդմամբ՝ այն հեռահար գործունեության, ռադարների համար անտեսանելի ԱԹՍ է, որն ունակ է իրականացնել թե՛ հետախուզական, թե՛ հարվածային առաքելություն: