Հակոբ Հակոբյան. Լևոն Տեր-Պետրոսյանի կողքին զոհվելը հպարտություն է. մամուլ
«Ժամանակ» օրաթերթի զրուցակիցն է ԱԺ նախկին պատգամավոր, նախկին քաղբանտարկյալ Հակոբ Հակոբյանը։
– Պարոն Հակոբյան, ինչո՞վ Եք զբաղվում հիմա։
– Հիմա ամեն առավոտ, կենդանիներ ունեմ, թռչուններ ունեմ, իրենց հետ եմ՝ տանը։
– Իսկ քաղաքականությամբ չե՞ք զբաղվում։
– Չէ, ինչքան հեռու՝ էնքան հանգիստ։
– Ըստ Երևույթին, մի փոքր էլ գործարարությամբ եք զբաղվում։
– Չէ, ոչ մի գործարարությամբ։ Միայն միջոցառումներ կլինի, Կոնգրեսի հետ կապված կլինի կամ մեր կամավորական զինվորների, կմասնակցեմ։
– Ինչ–որ առողջական խնդիրներ ունե՞ք։
– Դե հիմա, դրա հետ կապված է, գնացի բուժման, երկար ժամանակ, մի հինգ-վեց ամիս, հիմա էլ վերականգնվում եմ։
– Իսկ ինչպե՞ս Եք գնահատում ՀԱԿ կուսակցության ստեղծումը, կհամագործակցե՞ք, թե ոչ իրենց հետ։
– Ես միշտ էլ իրանց հետ համագործակցել եմ, ինձ համար հպարտություն ա Լևոն Տեր-Պետրոսյանի կողքին լինելը, որովհետև նա իր պատմությունը կերտել է 89 թվականից ի վեր, Ղարաբաղն իր շնորհիվ է ազատագրվել, ինքն է եղել ընդհանուր հրամանատարը, իր ճիշտ քաղաքականության արդյունքում մենք կարողացանք այսօր Ղարաբաղն ազատագրել։
– Չե՞ք փոշմանել, որ 2008-ին կանգնել եք շարժման կողքին և հիմա այլևս իշխանության մեջ չեք։
– Ես որ զոհվեի էլ 2008-ին, ինձ համար հպարտություն կլիներ։ Լևոն Տեր-Պետրոսյանի կողքին զոհվելը հպարտություն է։ Ես կայի 89 թվականից, 94-ին վիրավորվել եմ, Աստված կամեցել է, որ ես ողջ մնամ, դա իր շնորհիվ է, որ այս ամբողջ հաղթանակները տարանք, իր ճիշտ քաղաքականության շնորհիվ է, որ քիչ զոհերով եղավ։ Անհնարին է որևէ գործողություն կատարվեր առանց իր իմացության։ Մեկ-մեկ մարդիկ հելնում, ասում են՝ ինքը տեղյակ չի եղել Շուշիի գրավելուց։ Ես 94 թվականին, որ վիրավորվեցի, եկա, ինձ ասացին, որ պետք ա ասեմ՝ ես Գորիսում եմ վիրավորվել, Ղարաբաղում չեմ եղել։ Էն ժամանակ դա էր, բայց չի կարա մարդն ինքնագլուխ որոշել:
– Իսկ ինչո՞ւ են այդ դեպքում անընդհատ ասում, օրինակ՝ Կոմանդոսը հաճախ է ասում, կրկնում, որ Շուշիի ազատագրումից Լևոն Տեր–Պետրոսյանը տեղյակ չէր:
– Կոմանդոսը մի երկու ամիս էլ էթա էն կողմ, ասի՝ 92 թվականից Մարտակերտի օպերացիան ով էր կազմակերպել։ Մոռանում է, որ նա հանրապետության նախագահն էր (էդ ժամանակ Դալիբալթայանն էր կենտրոնացնում), մոռացել է, որ Սամվել Բաբայան գոյություն ունի, ինքն ա եղել օդից իջած արծիվ։ Նա ուղղակի խոսում է, որովհետև էսօրվա իրավիճակին պետք է։
– Իսկ չե՞ք փոշմանել, որ հիմա հանրապետական պատգամավորների հետ Դուք էլ Աժ–ում չեք:
– Ես չեմ փոշմանել, բայց հանրապետական պատգամավորներից շատերին եմ հարգում, ինձ հարազատ մարդիկ կան, շատ ընկերներ ունեմ, մինչև էսօր էլ իրենց հետ հարաբերություններ կան, ու ես չեմ նայում, որ սենց ա, պետք ա կապեր խզել, չէ, տենց բան չկա։ Ես որպես կամավորական զինվոր եմ, ես իրավունք չունեմ նման բաների։
– Մի քանի համապետական ընտրություններ տեղի ունեցան Մարտի մեկից հետո, ինչպե՞ս եք գնահատում այդ ամենը։
– Ես ուշադիր չեմ եղել, դե պարզ է արդեն՝ Հայաստանի իրավիճակում կարելի է արդեն գնահատական տալ։ Վիճակից ելնելով՝ Հանրապետական կուսակցության աշխատանքներին գնահատական տալ։
– Այսօր, իհարկե՝ ոչ 2008-ի հզորությամբ, բայց հետընտրական շարժում է ձևավորել Րաֆֆի Հովհաննիսյանը։ Ինչպե՞ս Եք գնահատում այդ շարժումը, կկարողանա՞ հաջողություններ ունենալ:
– Այստեղ ոչ թե Րաֆֆի Հովհաննիսյանն է, այլ ժողովրդի բողոքն է. այս արտագաղթը, այս իրավիճակը… Մարդիկ իրավիճակից ելնելու համար են դա անում։ Կամավորական զինվորը որ գնա պատերազմ, հետո գնա լագերներում ընտանիքը պահի։
– Ինչպե՞ս եք գնահատում հիմա Հայաստանի անվտանության վիճակը, քանի որ պատերազմի մասնակից եք։
– Դե, ես երկար ժամանակ տեղյակ չեմ, բայց երբ Սերժ Սարգսյանի հետ շփվել եմ, գիտեմ, որ ինքը սահմաններն ամուր է պահում։ Կարող է մարդիկ տուժեն տարբեր պատճառներով, բայց հաստատ համոզված եմ, որ ինքը կանի։
– 2008-ից հետո շփում չե՞ք ունեցել իշխանությունների հետ։
– Չէ, չեմ ունեցել, բայց այն ժամանակ, որ ես նրա հետ շփվել եմ, ես հաստատ համոզված եմ՝ ինքը անում էր, մեծ գործեր էր անում էն ժամանակ:
– Իսկ ինչպե՞ս եք գնահատում նրա նախագահությունը:
– Իր գնահատականը ժողովուրդը տվեց:
– Այսինքն՝ նկատի ունեք այն, որ ինքը նորի՞ց ընտրվեց նախագահ:
– էն, որ ամբողջ ժողովուրդն իր դեմ ելավ, էտի 99 տոկոս իրա շրջապատի պատճառով էր, ոչ իր։ Այս ընտրությունները նկատի ունեմ։ Շրջապատը, ԱԺ-ից բռնացրած, երևաց, թե ովքեր են, թալանչիների թիմ։ Մարդու հարազատ ախպերը իրան ձեն չտա…
– Այսինքն՝ թիմից ո՞վ, Սամվել Ալեքսանյանն էր, մարզպետնե՞ր, քաղաքապետե՞ր:
– Սամվել Ալեքսանյանը տաղանդավոր բիզնեսմեն է, համենայնդեպս, ամբողջ թիմի հետ էր կապված խնդիրը:
– Այդ դեպքում ինչո՞ւ էր իրեն շրջապատել այդ թիմով, կարող էր, չէ՞, լավ թիմ ընտրել:
– Հնուց ա դրած, տենց չի կարա փոխի, հիմքը շուտվանից ա դրած։ ժամանակ է պահանջում։
– Ի՞նչ պետք է անել փոփոխությունների համար։
– Դե, ինքը կանի, ես համոզված եմ, ընթացքում կանի։ Էս ընտրությունը հերիք ա, իրան դաս էլավ։
– Համոզվա՞ծ եք։
– Հա:
– Ի՞նչ կանի:
– Դե, կամաց-կամաց կմաքրի, սաղին իրանց տեղը կդնի:
Արմինե Ավետյան