
Ադրբեջանցի պատգամավորներն առաջարկել են հավերժացնել Նուրի փաշայի հիշատակը

Haqqin.az-ի փոխանցմամբ՝ ադրբեջանցի պատգամավորներ Գուդրատ Հասանգուլիևը, Իլյաս Իսմայլովը և Ֆազիլ Մուսթաֆան բաց նամակով դիմել են նախագահ Իլհամ Ալիևին՝ խնդրելով հավերժացնել թուրք զորահրամանատար Նուրի փաշայի (Նուրի Քիլիգիլ) հիշատակը:
Պատգամավորներն ուշադրություն են հրավիրել Նուրի փաշայի պատմական դերակատարության վրա, ով «օկուպացումից ազատել» է Բաքուն: Ադրբեջանցի պատգամավորների կարծիքով՝ Նուրի փաշայի հուշարձանի կանգնեցմամբ երիտասարդությունը կիմանա Բաքվի «ազատարարի» մասին:
Պատգամավորներն առաջարկում են սեպտեմբերի 15-ը (Նուրի փաշայի կողմից Բաքվի գրավումը) հռչակել պաշտոնական տոն օր, նրա անունով անվանակաչել մզկիթ, ռազմական դպրոց, փողոցներ, պողոտաներ, հրապարակներ:
Հիշեցնենք, որ 1918 թվականին Բաքու արշաված Նուրի փաշայի (որին ադրբեջանական կողմը համարում է փրկիչ) իսլամական բանակը կախաղան բարձրացրեց Բաքվի գրավմանը մասնակցելուց հրաժարված ադրբեջանցի 600 նորակոչիկների: