Սերգեյ Լավրովն այսօր Ստամբուլում կքննարկի Սիրիայի հարցը
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր ժամանում է Ստամբուլ: Այստեղ նա իր թուրք գործընկեր Ահմեթ Դավութօղլուի հետ քննարկելու է Սիրիայում տիրող իրավիճակը, ինչպես նաև Ռուսաստանի ու Թուրքիայի միջև տնտեսական կապերի ընդլայնման հեռանկարները:
Սերգեյ Լավրովը մասնակցելու է նաև Ռուս-թուրքական ռազմակավարական պլանավորման համատեղ խմբի երրորդ նիստին: Լավրովի ու Դավութօղլուի հանդիպումն անցնելու է «տետ-ա-տետ» ձևաչափով:
Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշիչևը հայտարարել է, որ արտգործնախարարները նաև քննարկելու են Մերձավոր Արևելքում ու Հյուսիսային Աֆրիկայում ստեղծված իրավիճակը, Կորեական թերակղզում տիրող իրավիճակը, Իրանի միջուկային ծրագրին առնչվող հարցեր, Հարավային Կովկասում, Միջին Ասիայում ու Բալկաններում առկա իրավիճակները, ինչպես նաև սևծովյան հարցերում համագործակցության հարցը:
Հատուկ ուշադրություն է հատկացվելու ռուս-թուրքական տնտեսական կապերի ընդլայնմանը: Ռուսաստանը Թուրքիայի թիվ 2-րդ առևտրային գործընկերն է: 2012 թվականին երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալը կազմել է 34.3 միլիարդ դոլար: Երկու երկրները նպատակադրվել են մոտակա տարիներին այդ ցուցանիշը հասցնել մինչև 100 միլիարդ դոլարի: