Ահմադինեժադը մեկնել է ուրանի հանքերով հարուստ Նիգեր

Russian Today-ի փոխանցմամբ՝ երեկ մեկնարկել է Իրանի նախագահի աֆրիկյան շրջագայությունը, որի շրջանակներում նա այցելելու է նաև Նիգեր: Վերջինս հանդիսանում է աշխարհում ուրանի խոշորագույն արտադրողներից մեկը:

Դա Իրանի ու Նիգերի ներկայացուցիչների առաջին շփումը չէ: Այս տարվա փետրվարին Իրան էր այցելել Նիգերի արտգործնախարարը: Ահմադինեժադը նաև այցելելու է Բենին, որի միջոցով Նիգերն արտահանում է իր ուրանը:

Բենինից հետո Ահմադինեժադն այցելելու է ուրան արտադրող Նիգեր և իր աֆրիկյան շրջագայությունն ավարտելու է Գանա այցելելով, ուր արտադրում են ոսկի ու կակաո: Ահմադինեժադի աֆրիկյան շրջագայության շրջանակներում փոխըմբռնման հուշագրեր են ստորագրվելու էներգետիկ, առևտրային, մշակութային, զբոսաշրջության ու առողջապահության ոլորտների վերաբերյալ:

Ներկայումս Նիգերն իր ուրանը հիմնականում արտահանում է Ֆրանսիա, սակայն ոչ վաղ անցյալում տարաձայնություններ են ի հայտ եկել նրանց միջև: Աֆրիկյան պետությունը պահանջել է վերանայել վաճառքից ստացվող եկամուտների բաշխումը: Իրանին էլ ուրանն անհրաժեշտ է սեփական միջուկային ծրագրի զարգացման համար:

Տեսանյութեր

Լրահոս