
«Ժառանգության» մասնակցությունը Երևանի ավագանու ընտրություններին աբսուրդ է. Գառնիկ Իսագուլյան

Եթե հայտարարում ես, որ ընտրված նախագահ ես և ուզում ես քո շուրջը համախմբվեն քաղաքական ընդդիմադիր մյուս ուժերը, մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին՝ աբսուրդ է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանն՝ անդրադառնալով Ավագանու ընտրություններին Ժառանգություն կուսակցության անդամների մասնակցության հանգամանքին:
Ըստ նրա՝ Ժառանգություն կուսակցությունը «պետք է հայտարարեր, որ այո համաձայն եմ, որ լինի կոնսոլիդացիա, չեմ մասնակցի քաղաքապետի ընտրություններին, բայց կաջակցեմ մասնակցող կուսակցություններին»: Իսագուլյանի հավաստմամբ, եթե որևէ քաղաքական ուժ գիտակցում է, որ իր վարկանիշը ամենաբարձրն է, պետք է դուրս թողնի իրեն մրցապայքարից ու դառնա մյուս ուժերին համախմբող ուժ:
Նախագահական ընտրություններից հետո, Իսագուլյանի կարծիքով, քաղաքապետի ընտրությունները կարելի է համարել քաղաքական ընտրություն, բայց թե ինչ փոփոխության կարող է հանգեցնել այն, պետք է ուշադիր հետևել կատարվող հետընտրական իրադարձություններին. «Քանի որ ընդդիմադիրները զբաղված են նրանով, թե ում շուրջ հավաքվեն, համախմբվեն, մինչև մայիսի 5-ը լուրջ փոփոխություններ չեն լինի: Իսկ եթե կարողանան գործել համատեղ գումարած դրան հակադրենք այն, որ ՀՀԿ-ն շատ ակտիվ է աշխատում ավագանու ընտրությունների քարոզարշավին, ամբողջ ընդդիմադիր դաշտը զբաղված է մեկ խնդրով՝ ում շուրջ համախմբվել»: