«Մեր քաղաքական գործիչները քաջ նազարներ են, որոնք, բախտի բերմամբ թե պատահմամբ, հայտնվել են իրենց ներկայիս դերում»
168.am-ի զրուցակիցը նկարիչ Տարոն Մուրադյանն է:
– Պարոն Մուրադյան, Ձեր կտավներում, որքան նկատել եմ, մարդն ու կենդանին գերակշռում են: Ինչո՞վ է սա պայմանավորված:
– Անկեղծ ասած՝ ես իմ նկարներում ո՛չ փիլիսոփայություն եմ դնում, ո՛չ էլ միտք: Ինձ համար կարևորն այն է, որ նկարներում հետաքրքիր մի բան լինի, սովորականից դուրս: Շատերն ասում են, որ, եթե նկարիչը մարդու գլխին թռչուն կամ ձու է նկարում, սյուրռեալիստ է: Ես ընդամենը փորձում եմ լավ նկարներ անել: Փիլիսոփայությամբ պետք է փիլիսոփաները զբաղվեն: Երբ նկարիչը սկսում է փիլիսոփայել, նկարչությունը տուժում է: Կերպարներս հիմնականում հզոր կեցվածք ունեն, բայց իրականում գաճաճ և չկայացած մարդիկ են, որոնք իրենց ինչ-որ բանի տեղ են դնում:
– Կերպարները մեր իրականությունի՞ց են վերցված, թե՞ մտացածին են:
– Այսօր մեր քաղաքական դաշտն այնպիսին է, որ շատ գործիչներ դարձել են իմ նկարների կերպարները: Չկայացած մարդիկ, ովքեր այսօր պաշտոններ ունեն, իրենց չգիտեմ ինչի տեղ են դրել, բայց երբ նայում ես իրենց էությանը, տեսնում ես, որ ոչինչ են: Իզուր չէ, որ մեր հեքիաթների հերոսները Ձախորդ Փանոսն ու Քաջ Նազարն են: Մեր քաղաքական գործիչները քաջ նազարներ են, որոնք, բախտի բերմամբ թե պատահմամբ, հայտնվել են իրենց ներկայիս դերում: Իմ աշխատանքներում կոնկրետ մարդ չկա, բոլորը հորինված են:
– Դուք 18 տարի շարունակ համագործակցել եք Փարիզի Gallery Mouvance-ի հետ, այսօր էլ տեղափոխվել եք Ժնևի Gallery Bel-Air Fine Art…
– Ես երևի առաջիններից մեկն էի, ով 1991 թվականին, երբ շատերը չգիտեին, թե Gallery-ի հետ աշխատելն ինչ է, ոտքս ընկավ Փարիզ և սկսեցի աշխատել: Սկզբում գնացի հայկական Gallery-ները՝ Բասմաճյան Gallery-ի և Gallery Լեսանը: Գարիկ Բասմաճյանի քույրը հենց իմացավ, որ Երևանից նկարիչ է եկել, փախավ, մտավ գրասենյակ, իսկ Gallery Լեսանում ասացին, որ եթե շատ եմ ցանկանում` մի նկար կկախեն: Ես էլ նեղվեցի ու չուզեցի: 14 գալերեաներ եմ գնացել, և հենց 14-րդն էլ եղավ այն գալերեան, որի հետ 18 տարի շարունակ աշխատեցի: Այնուհետև Ժնևից իմ հետևից եկան, ավելի լավ պայմաններ առաջարկեցին: Մի քիչ դավաճանության նման էր, բայց ես նորմալ բաժանվեցի Փարիզի այդ գալերեայից:
– Նկարների ընկալման առումով՝ դրսի և ներսի մարդկանց միջև տարբերություններ կա՞ն:
– Նախ՝ ասեմ, որ դրսում ես չեմ կարողանում աշխատել: Իմ միջավայրը չէ: Դրսում դիտորդն ավելի պրոֆեսիոնալ է: Կան նկարիչներ, որոնց ձեռքը նկարչության առումով պինդ չէ, չեն կարողանում լավ նկարել և չիմացությունը քողարկում են աբստրակցիայի մեջ: Դրսի դիտորդը միանգամից նկատում է, որ նկարչի հիմքերը թույլ են: Մեզ մոտ իրավիճակն այնպիսին է, որ նկարը հավանողների զգալի մասը գնողունակ չէ:
– Բայց ի՞նչ եք կարծում՝ հայերն արվեստասե՞ր ժողովուրդ են:
– Եթե ռաբիսը համարենք հայկական արվեստ, ապա՝ այո: Մեր ազգի մեջ հիմար մեծամտություն կա՝ մենք, մենք, մենք… Մի անգամ Փարիզում այնպիսի իրավիճակ ստեղծվեց, երբ մի մեծամիտ հայ ֆրանսիացիներին ասաց. «Դուք՝ ֆրանսիացիներդ, ո՞ւր էիք… մեր միջնադարը, մեր միջնադարը»: Նա երևի չգիտեր, թե ֆրանսիական միջնադարն իրենից ինչ է ներկայացնում: Ֆրանսիացիները սուս ու փուս լսեցին, հետո նրանցից մեկն ասաց. «Լավ, Ձեր միջնադարը շատ լավն է եղել, հիմա ո՞վ եք»: Հայը չկարողացավ ոչինչ ասել: Ամեն արվեստագետ, չգիտես ինչո՞ւ, իրեն մտավորական է համարում: Արվեստագետ լինելը չի նշանակում՝ մտավորական, բանվորն էլ կարող է մտավորական լինել, չէ՞: Մտավորական բառը նշանակում է՝ խելք ունեցող մարդ:
– Պարոն Մուրադյան, հիմա հաճա՞խ եք նկարում:
– Այո ամեն օր, մինչև գիշերվա 2-3-ը:
– Նկարելու համար ինչպիսի՞ մթնոլորտ պետք է տիրի:
– Ես բացարձակ լռության կարիք չունեմ: Ընդհակառակը, երբ աշխատում եմ, կա՛մ պետք է հեռուստացույցը միացրած լինի, կա՛մ ինչ-որ ձայն լինի: Սա իմ տեսակն է, ես նկարիչ գիտեմ, ով բացարձակ լռության դեպքում է կարողանում նկարել: Սա էլ է նորմալ:
– Իսկ երիտասարդ նկարիչների աշխատանքներին հետևո՞ւմ եք: Ի՞նչ կարծիք ունեք:
– Այո, փայլուն, հոյակապ նկարիչներ ունենք: Մի շրջան եղավ, երբ կարծես թե նկարիչները քիչ էին, բացակայում էին, հիմա մենք նվիրյալներ ունենք:
– Ընդհանրապես նկարիչների ճանապարհն ինչո՞վ է դժվար:
– Կարծում եմ՝ արվեստագետների մեջ նկարիչների գործն ամենահեշտն է: Արվեստի միակ ճյուղն է, որն իր գլխի տերը միայն ինքն է:
– Երևանը Ձեզ համար ոգեշնչման աղբյուր հանդիսանո՞ւմ է:
– Ոչ: Ես սիրում եմ Երևանը, շատ եմ կարոտում հին Երևանը: Կոմունիստների ժամանակ Երևանը գոնե դեմք ուներ, վերջին տարիներին մի քիչ շատ այլանդակեցին: Մեզ մոտ պետք է ամեն ինչ քանդեն, տեղը նոր բան կառուցեն: Կարող են կողքին կառուցել, չէ՞: Սա էլ տգիտությունից է գալիս: Քաղաքային իշխանության մեծ մասը երևի չգիտի՝ քաղաքն ինչ բան է, տգետ են: