Վրաստանում որոշել են մայիսի 26-ին չանցկացնել անկախության զորահանդես. մամուլ
Ռուսական Известия թերթի փոխանցմամբ՝ Վրաստանում որոշել են մայիսի 26-ին Թբիլիսիում չանցկացնել զորահանդես՝ կապված Անկախության օրվա հետ (1918): Այս մասին թերթին հայտնել է Վրաստանի ՊՆ-ում եղած իրազեկ աղբյուրը:
Թերթի տվյալներով՝ Վրաստանում այդ օրը ժողովրդի համար կազմակերպելու են ժողովրդական զբոսահանդես: Զինվորականներն իրենց հերթին տոնը կնշեն առանձին զորամասերի տարածքում: Միջոցառման մանրամասները ներկայումս քննարկվում է հատուկ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի կողմից:
Անկախության օրվա կապակցությամբ զորահանդես անցկացնելու դեմ է հանդես եկել վարչապետ Բիձինա Իվանիշվիլին՝ հայտարարելով, որ Վրաստանն այն երկիրը չէ, որը պետք է ցուցադրի իր հզորությունը: Դրա հետ մեկտեղ նա խոստացել է միայնակ որոշումներ չկայացնել այդ հարցում:
Հիշեցնենք, որ սրանից առաջ էլ Վրաստանի խորհրդարանի՝ պաշտպանության ու անվտանգության հանձնաժողովի նախագահ Իրակլի Սեսիաշվիլին հայտարարել էր, որ անկախության զորահանդեսն ընդունելու է վրաց ժողովուրդը: Դա նշանակում է, որ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին զրկում են այդ զորահանդեսն ընդունելուց: