Բաժիններ՝

Գյումրեցին չի կարող էլիտար թմրամիջոցներ օգտագործել, դրա համար բենզինը շատ է օգտագործվում

«Դա այնքան վառվող կրակի, փարոսի նման է, որ չտեսնել հնարավոր չէ»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Գյումրու հոգեկան առողջության կենտրոնի տնօրեն Նադյա Վարդանյանը՝ պատասխանելով հարցին՝  արդյո՞ք շատ են բենզինով պատրաստված թմրամիջոցներ օգտագործողների թիվը: Նադյա Վարդանյանի խոսքով՝ բուժհաստատությունում այժմ 53 հիվանդ կա.

«Մահճակալներից 10-ը նարկոլոգիական մահճակալներ են, իսկ 55-ը՝ հոգեբուժական: Հոգեբուժական մահճակալները ծանրաբեռնված են լինում 87-90 տոկոսով: Դա բուժհաստատության համար բավական լուրջ ծանրաբեռնվածություն է, իսկ նարկոլոգիական մահճակալները ոչ այնքան շատ են ծանրաբեռնված: Պատճառն այն է, որ նրանք ոչ այնքան հաճույքով չեն բուժվում»:

«Գյումրեցին չի կարող էլիտար թմրամիջոցներ օգտագործել: Ես կարծում եմ, որ ամբողջ հանրապետությունում էլ բենզինը շատ է օգտագործվում, բենզինը՝ հատկապես: Դա խնդիր է, շատ մեծ խնդիր է: Հաշվառված հիվանդների թիվը ամենևին էլ չի համապատասխանում իրականությանը»,- հավելեց մասնագետը:

Նրա խոսքով՝ բենզինից պատրաստվող թմրամիջոցների շատ օգտագործումը պայմանավորված է դրա մատչելիությամբ: «Բենզին են օգտագործում, որովհետև այն էժան է, իսկ գյումրեցին աղքատ է, սոցիալապես շատ ավելի վատ վիճակում է, քան երևանցին, որովհետև իրենք շատ ավելի գործազուրկ են, շատ ավելի փող չունեն: Թմրամոլության պատճառներից մեկն էլ, ինչպես գիտեք, նաև սոցիալական վիճակն է: Աշխատանք չունենալը, կենսամակարդակն ազդում է դրա վրա»:

Կարդացեք նաև

Նադյա Վարդանյանի փոխանցմամբ՝  Գյումրիում թմրամիջոցներ օգտագործողների թիվը մեծ է՝ պայմանավորված նաև երկրաշարժի հետևանքով առաջացած զանազան խնդիրների հետ. «Մութուցուրտ տարիներին ծնված երեխաները շատ ավելի խոցելի են»:

Միաժամանակ, մասնագետը նշեց, որ չնայած վիճակագրություն չկա, սակայն, վտահաբար կարելի է ասել, որ Գյումրիում տղամարդ թմրամոլներն ավելի շատ են, քան կանայք

Նադյա Վարդանյանի խոսքով՝ Գյումրիում նարկոլոգիական ծառայության ուժողացման խնդիր կա. «Մենք անհամբեր սպաում ենք, որ Շիրակի մարզում, կոնկրետ Գյումրու հոգեկան առողջության կենտրոնում ներդրվի մետադոնային բուժման ծրագիրը, որը մեծապես կփոքրացնի բենզին օգտագործողների թիվը: Մենք չունենք մետադոնային ծրագիր, որպեսզի գոնե նրանց մի մասին ետ պահենք բենզինից, իսկ բենզինը միայն թմրամոլություն է, այն նաև մահ է»:

Գյումրու հոգեկան առողջության կենտրոնի տնօրենի խոսքով՝ բենզինից պատրաստված թրամիջոցներ օգտագործած անձիք դիմում են բժշկական օգնության, սակայն հոսպիտալացվել չեն ցանկանում:

«Գիտեք՝ Գյումրին իր մենթալիտետով և իր փոքր լինելով ավանդական քաղաք է: Ինչքան էլ իրենք իմանան, որ դա գաղտնի է լինելու, ամեն դեպքում մտավախություն կա: Եվ հետո թմրամոլն իր տեսակով այդպիսին է, ինքը չի ընդունում, որ հիվանդ է: Մեզ մոտ ավելի շատ գալիս են բենզին օգտագործած այն հիվանդները, որոնք մարմանական խնդիրներ ունեն: Գիտեք, որ շատ արագ ախտահարվում է ամբողջ օրգանիզմը, գերազանցապես երիկամները, իսկ մարմնական խնդիրներ ունենալու դեպքում՝ իրենք արդեն մեր հիվանդները չեն: Գալիս են այն դեպքում, երբ մահվան վախ են ունենում. ապրել-մահանալու խնդիր է լինում, նոր են գալիս»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս