Արա Աբրահամյան. Ես ոչինչ չեմ կազմակերպել, տեղյակ չեմ

Մամուլում շրջանառվող տեղեկությունները, թե «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի երեկվա մոսկովյան այցի ու հնարավոր պաշտոնական հանդիպումների կազմակերպման գործում լուրջ դերակատարում է ունեցել Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը՝ չեն համապատասխանում իրականությանը:

Այս մասին 168.am-ի հետ հեռախոսազրույցում ասաց  Արա Աբրահամյանը:

«Ես որևէ բանից տեղյակ չեմ, որևէ բան չեմ կազմակերպել: Մի քանի օր առաջ Երևանում էի՝ մասնակցել եմ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալությանը, որը շատ լավ անցավ: Հիմա գտնվում եմ Փարիզում»:

Արա Աբրահամյանը նաև նշեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքներն ունեին նաև դրական կողմ: Ըստ նրա՝ դրանք ցույց տվեցին իշխանություններին, որ երկրում լուրջ խնդիրներ կան, որոնք լուծում են պահանջում. «Երկրում լուրջ փոփոխություններ են պետք, ժողովուրդը շատ ծանր վիճակում է ապրում»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ երեկ ապրիլի 9-ի երդմնակալությանը հաջորդած իրադարձություններից հետո Րաֆֆի Հովհաննիսյանը կնոջ՝ Արմենուհու, և որդու՝ Կարինի հետ մեկնել է Մոսկվա:

168.am-ի տեղեկություններով՝ Րաֆֆի Հովհաննիսյանը Մոսկվայում հանդիպել է ՌԴ նախագահի աշխատակազմի Միջտարածաշրջանային և արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի վարչության ղեկավար Վլադիմիր Չեռնովի հետ:

Տեսանյութեր

Լրահոս