Վարդան Օսկանյանը՝ ապրիլի 9-ի մասին. Վիճակն այնքան լարված չէ, ինչպես 2008-ին էր, զոհեր չկան, ոչ ոք չի մահացել

Այսօր ԱԺ ճեպազրույցի ժամանակ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը՝ խոսելով ապրիլի 9-ին  Երևանի Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած միջադեպերի մասին, ասաց, թե ինքը «բավարար գիտելիք» չունի այդ ոլորտում, որպեսզի ադեկվատ գնահատական տա կատարվածին:

Ըստ նրա՝ դա պետք է անեն մասնագետները:

«Վիճակն այնքան լարված չէ, ինչպես 2008-ին էր, զոհեր չկան, ոչ ոք չի մահացել, կարևորը վիրավորները եղել են թեթև, սա ինչ–որ տեղ բարեբախտություն է: Եվ կարելի է շատ ավելի հանգիստ պայմաններում, իրոք, գնահատական տալ, որ արդյո՞ք դա ադեկվատ պատասխան էր ստեղծված իրավիճակին»,- ասա Վ. Օսկանյանը:

Նրա խոսքով՝  իրեն մտահոգող հանգամանքներ, այդ թվում նաև՝ տարածված տեսանյութերը, չկան: «Իսկապես դժվար է, որ ոչ ոստիկանական, սովորական տարազով մարդիկ ոստիկանի դեր են կատարում: Զգում ես, որ ոստիկաններն իրենց պաշտպանում են, իրենցից են, բայց ոստիկանության օրենքը շատ հստակ է, որ իրենք պետք է լինեն այլ տարազով, որ պետք է  իմանալ, որ իրենք ոստիկան են»,- նշեց ԲՀԿ պատգամավորը՝ հավելելով , որ օրենքը պետք է գործի, որպեսզի չկրկվեն մարտիմեկյան դեպքերը:

Կարդացեք նաև

Վ. Օսկանյանի խոսքով՝ նախագահական ընտրություններից հետո կյանքը շարունակվում է, երկրի առջև կան խնդիրներ: Իսկ թե ինչո՞ւ որոշ ԲՀԿ-ականներ մասնակցեցին Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությանը, եթե ԲՀԿ-ն հանդես է գալիս իշխանություններին քննադատող հայտարարություններով՝ հարցին, Վ. Օսկանյանը պատասխանեց, թե քննադատությունն ու մասնակցությունն իրար հետ կապ չունեն:

«Մասնակցությունը և քննադատությունը բացարձակապես կապ չունի, երանի երկրում իրավիճակն այնպես լիներ, որ քննադատությունը նույնը լիներ, բոլորս մասնակցեինք երդմնակալությանը։ Քննադատությունն այն է, որ ընդդիմությունն իշխանության հետ խոսի»,- ասաց նա՝ Հայաստանը համեմատելով  ժողովրդավար երկրների հետ:

«Մեր երկրում ընդդիմության սահմանն այլ է, եկեք դիտարկեք, թե ժողովորդական երկրներում ինչպիսին է»,- նշեց նա և ավելացրեց, թե կապ չունի թեկնածուների մասնակցությունը, որն անձնական որոշումն է եղել։

Իսկ հարցին, թե ինչո՞ւ նա չի մասնակցել այդ արարողությանը, պատգամավորն այսպես պատասխանեց. «Այդպես որոշեցի»:

 

Տեսանյութեր

Լրահոս