Բաժիններ՝

Ադրբեջանի ՊԱԿ-ի նախկին ղեկավարը հարել է «Միլիարդատերերի միությանը»

Haqqin.az-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի ՊԱԿ-ի նախկին ղեկավար, գեներալ-մայոր Վագիֆ Հուսեյնովը հարել է «Միլիարդատերերի միությանը»: Նշվում է, որ մի քանի օր առաջ Հուսեյնովը հանդիպել է այդ կառույցի ղեկավարներ Սոյուն Սադիկովի ու Աբբաս Աբբասովի հետ:

Հուսեյնովն Ադրբեջանական ՍՍՀ-ի ՊԱԿ-ի ղեկավար է հանդիսացել 1989 թվականի օգոստոսից մինչև 1991 թվականի սեպտեմբերի 13-ն ընկած ժամանակահատվածում: Ադրբեջանում «Ժողովրդական ճակատի» իշխանության գալուց հետո Հուսեյնովը ձերբակալվել է:

Նրան մեղադրել են ԽՍՀՄ ՆԳՆ-ի զորքերի ու խորհրդային բանակի առաջխաղացմանը նպաստելու մեջ, ինչի հետևանքով Բաքվում մտցվել է արտակարգ դրություն: Սակայն Հուսեյնովի մեղավորությունն ապացուցել չի հաջողվել և նրան ազատ են արձակել 1993 թվականին: Ազատվելուց հետո Հուսեյնովը մեկնել է Մոսկվա և ստացել է Ռուսաստանի քաղաքացիություն:

1996 թվականին Ադրբեջանի դատախազությունը նրան մեղադրեց սպանության ու պայթյունի կազմակերպման մեջ և Ռուսաստանից պահանջեց արտահանձնել նրան, սակայն Ռուսաստանի Գլխավոր դատախազությունը մերժեց դա:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի ադրբեջանական կազմակերպությունների միությունը, որին Ադրբեջանում անվանում են «Միլիարդատերերի միություն» ստեղծվել է 2012 թվականի սեպտեմբերի 28-ին Մոսկվայում: Ադրբեջանական կողմի կարծիքով՝ Ռուսաստանն այդ կառույցի միջոցով ձգտում է տապալել Ադրբեջանի գործող իշխանություններին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս