Իրանցի գիտնականը հայտարարել է, որ ստեղծել է «ժամանակի մեքենա»
Իրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ իրանցի գիտնական Ալի Ռագեզին հայտարարել է, որ ստեղծել է «ժամանակի մեքենա»: Երիտասարդ տաղանդը վստահեցնում է, որ դրա օգնությամբ յուրաքանչյուր ցանկացող կարող է տեսնել իր ապագան՝ առաջիկա 5-8 տարվա կտրվածքով:
Այսինքն, «ժամանակի մեքենայի» օգնությամբ մարդը կարող է ներթափանցել մինչև 2021 թվական: Ռագեզին հավելել է, որ այդ մեքենան առաջին հերթին օգտագործվելու է պետության կարևորության խնդիրների լուծման համար, և երբ սկսվի այդ մեքենայի զանգվածային արտադրությունը, դրանից կարող են օգտվել հասարակ քաղաքացիները՝ գնահատելով մեքենայի առավելությունները:
27-ամյա Ալի Ռագեզին զբաղեցնում է Իրանի գյուտերի պետական կենտրոնի տնօրենի պաշտոնը: Նա հայտարարել է, որ «ժամանակի մեքենայի» ստեղծման վրա աշխատել է 10 տարի: Ընդհանուր առմամբ, նա հեղինակ է 179 այլ նորույթի, սակայն գտնում է, որ իր գլխավոր գյուտն արել է այժմ:
Գիտնականի խոսքերով՝ «ժամանակի մեքենան» գործում է ալգորիթմների օգնությամբ և ունակ է մինչև 98 տոկոս ճշգրտությամբ կանխատեսել յուրաքանչյուր մարդու կյանքը՝ առաջիկա 5-8 տարվա կտրվածքով: Ընդ որում, դրա համար մարդուց պահանջվում է միայն ձեռք տալ այդ մեքենային: Նա պարզաբանել է, որ դա «ժամանակի մեքենա» է, սակայն ոչ ուղիղ իմաստով.
«Այդ սարքը մեծ չէ սովորական համակարգչից: Դուք դրա օգնությամբ չեք հայտնվում ապագայում, այդ ապագան է գալիս ձեզ մոտ: Այս սարքի օգնությամբ Իրանը կիմանա առաջիկա տարիներին արտաքին քաղաքական արենայում առկա իրավիճակի մասին, ուր այժմ խնդիրներ կան՝ կապված իր միջուկային ծրագրի հետ:
Բացի այդ, դա հնարավորություն կտա իմանալ, թե ինչպես կփոխվեն նավթի գները: Այլ կերպ ասած՝ կառավարությունը կարող է իրեն ապահովագրել այն երևույթներից, որոնք կարող ե ապակայունացնել իր աշխատանքը:
Հուսով եմ, որ իշխանություններին այս մեքենան մատակարարելուց հետո կսկսվի դրանց զանգվածային վաճառքը, և այդ ժամանակ յուրաքանչյուր իրանցի սպառող կարող է բարելավել իր կյանքը»: