Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի հրամանատարը ժամանել է Թուրքիա
CNN-Turk հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի հրամանատար, ամերիկացի ծովակալ Ջեյմս Ստավրիդիսը երեկ երեկոյան այցելել է Թուրքիա: Անկարայում նա հանդիպել է Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Նեջդեթ Օզելի և պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազի հետ:
Ստավրիդիսն այսօր այցելելու է թուրք-սիրիական սահման, որտեղ տեղադրված են ամերիկյան Patriot զենիթա-հրթիռային վեց համալիրները: Ստավրիդիսի թուրքական այս այցը որակվում է որպես «հրաժեշտի այց», քանի որ շուտով լքելու է զբաղեցրած պաշտոնը:
Ստավրիդիսը հանդիսանում է Սիրիայում լիբիական սցենարով ռազմական գործողություն իրականացնելու կողմնակից: Ավելի վաղ նա հայատարարել էր, որ Սիրիայում արտաքին միջամտությունն օգտակար կլիներ ներկայիս փակուղային իրավիճակը հաղթահարելու և սիրիական վարչակարգը տապալելու համար:
Հիշեցնենք, որ Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ ուժերի նոր հրամանատար է դառնալու գեներալ Ֆիլիպ Բրիդլավը, ով ներկայումս զբաղեցնում է Եվրոպայում ԱՄՆ ռազմաօդային ուժերի հրամանատարի պաշտոնը: