Բաժիններ՝

Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ ուժերի նոր հրամանատար կդառնա գեներալ Ֆիլիպ Բրիդլավը

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ ուժերի նոր հրամանատար է դառնալու գեներալ Ֆիլիպ Բրիդլավը: Վերջինս ներկայումս զբաղեցնում է Եվրոպայում ԱՄՆ ռազմաօդային ուժերի հրամանատարի պաշտոնը:

Բրիդլավի թեկնածությունն արդեն իսկ հավանության է արժանացել ՆԱՏՕ-ի անդամ բոլոր 28 երկրների մշտական ներկայացուցիչների կողմից: 58-ամյա գեներալը նոր պաշտոնին կանցնի այն բանից հետո, ինչ նրա թեկնածությունը կհաստատի ԱՄՆ Սենատը:

Բրիդլավը դրանով իսկ կդառնա Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ ուժերի 17-րդ հրամանատարը՝ այդ պաշտոնում փոխարինելով ամերիկացի ծովակալ Ջեյմս Ստավրիդիսին, ով տվյալ պաշտոնում է գտնվում 2009 թվականի հուլիսից:

Ավելի վաղ ենթադրվում էր, որ Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի նոր հրամանատար կդառնա գեներալ Ջոն Ալենը, ով մինչ այս գլխավորել է Աֆղանստանում ISAF-ի միջազգային կոնտինգենտը: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Ջոն Ալենի թեկնածությունն առաջադրել էր 2012 թվականի հոկտեմբերին:

Սակայն նրա հաստատումը հետաձգվել էր Սենատում՝ կապված ԿՀՎ տվյալ ժամանակվա ղեկավար Դևիդ Պետրեուսի մասնակցությամբ սեռական սկանդալի դերակատարներից մեկի հետ գեներալի նամակագրության հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս