Հովիկ Աբրահամյանը՝ Զարուհի Փոստանջյանին. «Ես նկատում եմ, որ Դուք հուզված եք»
Այսօր ԱԺ-ում «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն իր ելույթում քննադատեց երեկ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած բախումները:
Պատգամավորը շնորհավորեց իրենց, որ այդ բախումների հետևանքով չունեցան զոհեր, ապա նշեց, որ շատ են ցավում, որ երեկ Սերժ Սարգսյանը գտնվում էր Բաղրամյան 26-ի իր «բանտախցում»:
Պատգամավորի ասելով՝ երեկ իրենք քայլեցին Բաղրամյան պողոտայով, երգեցին իրենց օրհներգը և ասացին, որ միասնական են: «Պարոն Սերժ Սարգսյանը, լինելով Բաղրամյան 26-ում, այնտեղից հրահանգ տվեց, որպեսզի մեր նկատմամբ կիրառվի բռնի գործողություն, բայց մենք, պարոն Սարգսյան, որևիցե մի անձի թույլ չտվեցինք, որ Ձեր ուղարկված մարդկանց նկատմամբ, Ձերը չեն այդ մարդիկ, այլ մերն են, որևիցե մի ոստիկանի նկատմամբ բռնություն չկիրառվի, և Ձեր նկատմամբ նույնպես թույլ չենք տալու, որ որևիցե բռնություն կիրառվի»,- ասաց պատգամավորը, ում խոսքն ընդհատեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ՝ասելով, որ վերջինս խոսի՝ ըստ էության:
Ի պատասխան՝ պատգամավորը նշեց, որ ինքը խոսում է մարդու իրավունքների մասին, ապա խնդրեց չընդհատել իրեն: Զ. Փոստանջյանն այնուհետ Սերժ Սարգսյանին համարեց քվեների «գրպանահատ»՝ ավելացնելով, որ երեկ նա կեղծ երդում է տվել: Այս դիտարկումից հետո Հ. Աբրահամյանը կրկին միջամտեց՝ հորդորելով չվիրավորել իշխանություններին:
«Ես նկատում եմ, որ Դուք հուզված եք»,- նշեց ԱԺ նախագահը՝ կրկին հորդորելով խոսել քննարկվող թեմայի էության մասին: