Փհենյանը կարող է միաժամանակ արձակել տարբեր հեռահարությամբ հրթիռներ. մամուլ
Հարավկորեական Renhap լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետությունը (ԿԺԴՀ) կարող է «Մուսուդան» բալիստիկ հրթիռի անհաջող թռիչքից հետո երկրի մի շարք հարթակներից արձակել միանգամից մի քանի հրթիռ:
Այս մասին հայտնել են Հարավային Կորեայի կառավարությունում անանուն աղբյուրները: Վերջիններիս հաղորդմամբ՝ ոչ վաղ անցյալում իրականացված արբանյակային նկարահանումների վերլուծության ժամանակ մասնագետները Խամգեն-Նամդո նահանգում հայտնաբերել են 4 կամ 5 տրանսպորտային-արձակման սարք:
Համարվում է, որ այդ սարքերն օգտագործվում են «Սկադ» տիպի հրթիռի արձակման ժամանակ, որոնց հեռահարությունը կազմում է 300-500 կիլոմետր, ինչպես նաև 1300-1500 կիլոմետր հեռահարությամբ «Նոդոն» հրթիռների արձակման ժամանակ:
Աղբյուրները հավելել են, որ առկա են տեսանելի ցուցիչներ, որ ԿԺԴՀ-ն կարող է միաժամանակ իրականցնել «Մուսուդան», «Սկադ» և «Նոդոն» հրթիռներ: «Մուսուդան» բալիստիկ հրթիռի հեռահարությունը կազմում է 3000-4000 կիլոմետր: Նշվում է, որ այն լիցքավորված է վառելիքով և պատրաստ է յուրաքանչյուր պահի արձակվելու համար: