Բաժիններ՝

Դիվերսիա՝ ՊՆ-ի և «Աշտարակ ձու» ընկերության դե՞մ

«Աշտարակ ձու» ընկերությունն արձագանքել է 168.am-ում այսօր հրապարակված «Ինչպե՞ս են ՊՆ հավկիթները հայտնվել վաճառքում» վերնագրով լուրին: Հիշեցնենք, որ այսօր 168.am-ի խմբագրություն էին դիմել Մարինե Հովհաննիսյանն ու Մարինե Յակմուրյանը, ովքեր պատմեցին, որ Երևանի Լենինգրադյան փողոցում գտնվող «Մարկետ» խանութից «Աշտարակ ձու» փաթեթավորմամբ 10 ձու էին գնել, սակայն տուն տանելուց հետո պարզել էին, որ ձվի տուփի մեջ Պաշտպանության նախարարության կնիքով ձվեր են:

Ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեցինք «Աշտարակ ձու» ընկերության փայատերերի ներկայացուցիչ Մանաս Եփրեմյանի հետ։ Վերջինս նշեց, որ ինքը մի շարք հակասություններ է տեսնում։ Դրանցից մեկն, օրինակ, վերաբերում է մակնշման ամսաթվին (ձվի վրա մակնշված է՝ մարտի 11)։ « Զատկի նախօրեին ձվի լուրջ պրոբլեմներ կային, մեր իրավաբանը գնացել է խանութ, ասել են, որ 31-ից ապրանք չի եղել  իրենց խանութում, ինչպե՞ս է դա հայտնվել խանութում»,- ասաց Մ. Եփրեմյանը:

Իսկ թե ինչպես են ՊՆ մակնշմամբ հավկիթները հայտնվել իրենց ընկերության տուփի մեջ, վերջինս սեփական վարկածներն ունի. «Ամեն պրոբլեմի մեջ մարդ պետք է երեք վարկած ունենա: Ես ունեմ մի վարկած՝ դա մեր հիմնարկի և Պաշտպանության նախարարության դեմ կազմակերպած, ամպագոռգոռ բառ չասեմ՝ դիվերսիա է: 11.03 ամսաթվով մակնշմամբ ձուն երբեք ապրիլի 4-ին ոչ մի խանութում չի վաճառվում»:

Ընկերության ներկայացուցչի խոսքով՝ վիրավորական է, երբ իրենց ընկերության տուփի մեջ դրվում են  ՊՆ մակնշմամբ ձվեր: Մ. Եփրեմյանը բացառում է նաև թյուրիմացության հնարավորությունը. «Շփոթմունք չի կարող լինել, որովհետև էդ խանութը մեր եռահարկ օֆիսից ընդամենը 15 մետր հեռավորության վրա է գտնվում, և մեր տրաֆարետները փակցված են, այդ խանութին էլ մենք միշտ թարմ ձու ենք մատակարարում»,- ընդգծեց նա:

Կարդացեք նաև

Մենք հիշեցրինք՝  կանայք նշում են, որ ՊՆ մակնշմամբ ձվերի մասին փորձել են առաջնահերթ տեղյակ պահել ընկերությանը, սակայն, իրենց խոսքերով, ստացել են գռեհիկ պատասխան։ Դիտարկմանն ի պատասխան՝ Մ. Եփրեմյանը նշեց, թե նախ պետք է պարզել, թե ո՞ր բաժին են զանգել, իսկ զանգելիս պետք է խնդրել, որ միացնեն պատասխանատու անձանց հետ:

Մ. Եփրեմյանի պնդմամբ՝ ընկերությունն անմեղ է ստեղծված իրավիճակում: «Նախ՝ պետք է պարզել, թե ինչպե՞ս են հայտնվել այդ հավկիթները մեր տուփի մեջ: Շատ պարզ օրինակ բերեմ՝ ես վերցնում եմ օգտագործած տուփ, գնում եմ նորմալ հավկիթ, իսկ հետո հավկիթը փոխում եմ, բերում եմ խմբագրություն: Չեմ բացառում դա»,- ասաց Մ. Եփրեմյանը:

Մ. Եփրեմյանի հետ զրուցելուց հետո մենք դարձյալ խոսեցինք հիշյալ հավկիթների գնորդի՝  Մարինե Յակմուրյանի հետ: «Մենք երեկ երեկոյան ամուսնուս հետ գնեցինք այդ հավկիթները»,- ասաց նա:  Կինը պնդեց, որ իրենք ձվերը գնելուց հետո՝ տանն են տեսել, որ ձվերի վրա կա ՊՆ մակնշումը, ապա ավելացրեց, որ գնումների կտրոնները պահում է և կարող է դարձյալ հաստատել իրենց հետ կատարվածը:

Հատուկ նշենք, որ կանայք բողոքում էին ոչ թե ձվի որակից, այլ զայրացած էին, որ զինվորի համար նախատեսված ձուն կարող է հայտնվել վաճառքում։ Ըստ էության, հարցը այն է, թե ՊՆ հավկիթներն ինչպե՞ս են հայտնվել վաճառքում, ո՞վ է դրանք դուրս բերել ՊՆ պահեստից։ Ի վերջո, ՊՆ-ն և զորամասերը բաց տարածքներ չեն, որտեղ ամեն ոք կարող է ազատ ելումուտ ունենալ և դեռ իր հետ էլ ինչ-որ բան դուրս բերել զորամասի տարածքից։

Այս հարցի հետ կապված պարզաբանում ստանալու համար դիմեցինք ՀՀ պաշտպանության նախարարության մամլո քարտուղար Արծրուն Հովհաննիսյանին։ Նա նախևառաջ  շնորհակալություն հայտնել ուշադիր և ակտիվության համար և խորհուրդ տվեց դիմել՝ պաշտպանության նախարարության հետ առնչվող ցանկացած սխալ նկատելու դեպքում։

Ինչ վերաբերում է ՊՆ մակնշմամբ ձվերի՝ վաճառքում հայտնվելու փաստին, ապա, Ա. Հովհաննիսյանի խոսքերով, պետք է մանրամասն ուսումասիրություն կատարվի։ Եթե պարզվի, որ այդ գործում հանցակազմ կա և մեղավորները կան ՊՆ-ից, ապա վերջինիս հավաստիացմամբ՝ նրանք միանշանակ կպատժվեն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս