Բաժիններ՝

Ռուբեն Թառումյանը ներկայացրեց համակարգչային տառատեսակների ամենախոշոր հայկական ընտանիքը

Տառաստեղծ Ռուբեն Թառումյանը տառեր սկսել է ստեղծել դեռևս 1990 թվականից: Տառեր ստեղծելու սերը Թառումյանը, ինչպես 168.am-ի հետ զրույցում նա ասաց, հավանաբար, ժառանգել է հորից, ով գրքերի ձևավորմամբ է զբաղվել: Այս տարիների ընթացքում Ռ. Թառումյանը ստեղծել է 100-ից ավելի տառատեսակներ, որոնց մեծ մասը՝  կամավոր՝ իր նախաձեռնությամբ: Սակայն նրա աշխատանքը չի վրիպել խոշոր տեխնոլոգիական այնպիսի ընկերության աչքից, ինչպիսին՝ Microsoft-ն է, որը և հայաստանցի մասնագետին պատվիրեց հայերեն տառատեսակներ ստեղծել:

Այսօր արդեն հանրաճանաչ տառաստեղծ Ռուբեն Թառումյանի ստեղծած տառատեսակները կիրառվում են Microsoft ընկերության ծրագրերի հայերեն տարբերակների մեջ: Ռ. Թառումյանը շարունակում է աշխատել և նոր համակարգչային տառատեսակներ (font-եր) ստեղծել: Երեկ՝ ապրիլի 3-ին, Հայաստանի ամերիկյան համալսարանում տառաստեղծ Ռ. Թառումյանը ներկայացրեց իր կողմից ստեղծված Արիան ԱՄՅու (Arian AMU) տառատեսակը, որը եկել է փոխարինելու ABBYY ընկերության կողմից ստեղծած Arial AMU-ին:

Արիան ԱՄՅու տառատեսակների նորացված ընտանիքը ստեղծված է ավանդական տպագրության և տեսատիպ դյուրակիր սարքերի համար՝ ապահովելու բարձրորակ աշխատանք բազմալեզու գրվածքներ կազմելիս:

Ըստ հեղինակի՝ չնայած նրան, որ վերջին երկու տասնամյակների ընթացքում ստեղծվել են համակարգչային տասնյակ հայատառ տառատեսակներ, սակայն դեռևս քիչ են բազմալեզու գրվածքների համար նախատեսվածները։ Սովորաբար բազմալեզու գրվածքի հայերեն և ոչ հայերեն հատվածները ստիպված են լինում իրագործել տարբեր տառատեսակներով, ինչը վատ է անդրադառնում աշխատանքի որակի վրա և հաճախ էլ տեխնիկական բարդությունների է հանգեցնում. հատկապես՝ ծրագրային միջերեսներում։

«Ներկայում Արիան ԱՄՅու-ն, հայերենից բացի, հնարավորություն է տալիս գրվածքներ կազմել բոլոր եվրոպական լեզուներով՝ լատինատառ, հունատառ և կիրիլատառ, ինչպես նաև՝ վրացերեն և եբրայերեն, դրանով իսկ լուծելով Հայաստանի բնակիչների՝ լեզուների հետ կապված գրեթե բոլոր խնդիրները»,- ասաց Ռ. Թառումյանը: Նրա խոսքով՝ Արիան ԱՄՅու ընտանիքը համալրվել է ոճային ևս երկու լրակազմով՝ շղագիր և միալայնք, ինչպես նաև երկու ավանդական տառաոճերով (գրքի և արամյան), ինչի շնորհիվ Արիան ԱՄՅու-ն այսօր կարող է համարվել տառատեսակների ամենախոշոր հայկական ընտանիքը:

«Առկա համակարգչային տառատեսակի նկատված թերությունները նոր տառատեսակում այլևս չկա, օրինակ՝ ArmSCII-8-ի հատվածը, որի պարագայում Յունիկոդ գրվածքներում չակերտների փոխարեն հայտնվում էին ստորակետ և փոքրատառ «ե»։ Հենց դա և այլ թերությունները շտկելու համար որոշեցի ստեղծել դրա բոլորովին նոր վարկածը՝ զրոյից»,- ասաց Ռ. Թառումյանը՝ նշելով, որ բացի այդ, այս տառատեսակը հատուկ մշակված է թվային սարքերի ցուցադրչների վրա որակով արտապատկերելու համար: Այսինքն՝ նույն հատկությամբ, որակով կարող եք տեսնել տառերը և ցուցադրիչների վրա, և տպելու դեպքում:

Արիան ԱՄՅու ընտանիքի տառատեսակներում ավելացվել է նաև երեք նոր գրանշան․ դրամի նշանը և հավերժության նշանը՝աջ և ձախ տարբերակներով:

Արիան ԱՄՅու ընտանիքի նոր՝ 1.01 վարկածը  կարելի է անվճար բեռնել այստեղից՝ http://arian.tarumian.am/

Նշենք, որ նոր տառատեսակների ստեղծումը ֆինանսավորել է ARGA հիմնադրամը:

Լուսինե Մովսիսյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս